Պարզվում է՝ երկրի համար կարևորագույն պետական պաշտոններից մեկը՝ Մշակույթի նախարարի պորտֆելը, տարիներ շարունակ զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը հանկարծ որոշել է այլևս չպատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Կարելի է ենթադրել, որ երեկ Կառավարության նիստի ընթացքում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նկատողությունը տիկին նախարարին՝ լինել հնարավորինս լակոնիկ, տեղ է հասել:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է Հ. Պողոսյանը մտածում առաջիկա հնարավոր պաշտոնանկության մասին, քաղաքական երկարամյա պատմություն ունեցող, իսկ ավելի կոնկրետ՝ ամենաերկարակյաց Մշակույթի նախարարի համբավը վայելող այս տիկինը, ո´չ ավել, ո´չ պակաս, պատասխանում է. «Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, մշակույթից հարցրեք՝ պատասխանեմ»:
Մեզ մնում է հուսալ և սպասել, որ նոր կառավարության կազմում, այնուամենայնիվ, դրական փոփոխությունների անհրաժեշտությունն ակնհայտ իրականություն է ոչ միայն նորանշանակ վարչապետի, այլև Մշակույթի նախարարության և հատկապես՝ քաղաքական բնույթի հարցերից վաղուց արդեն հոգնած Մշակույթի նախարարի համար:
Ի դեպ, նշենք, որ Հ. Պողոսյանը նեղ շրջանակներում հնարավոր պաշտոնանկության մասին հարցին ի պատասխան՝ ասել է, թե ինքն անհանգստանալու-մտածելու բան չունի:
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ