Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել է 1,94 միլիարդի: Այդ մասին ասված է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերաբերյալ այդ ընկերության՝ մայիսի 3-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ:
Նշվում է, որ ամսական թեկուզև մեկ անգամ սոցցանց մտնող մարդկանց թիվն այս տարվա մարտի 31-ի դրությամբ կազմել է 1,94 մլրդ: 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ նման օգտատերերը 1,65 մլրդ էին, աճը կազմել է 17 տոկոս:
Ընդ որում ներկայում մոտավորապես 1,28 մլրդ մարդ Facebook մտնում է ամեն օր: Ցուցանիշը 18 տոկոսի աճ է արաձնագրել անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ: Այն ժամանակ նման օգտատերերի թիվը 1,09 միլիարդ էր:
Հաշվետու ժամանակաշրջանում Facebook-ի հասույթը կազմել է 8,03 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3,06 մլրդ դոլար: Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները և ավելացել 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Այն ժամանակ հասույթը կազմել էր 5,38 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1,73 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: