Համշենի հայերը
Advertisement 1000 x 90

Համշենի հայերը

Պատմաբան Վահե Անթանեսյանի ակնարկը համշենահայերի մասին:

Վերջին ժամանակներս, երբ Թուրքիայում ինչ–ինչ հանգամանքներից ելնելով արդեն հնարավոր է բացեիբաց խոսել հայկական հարցի մասին, շատ արդիական է դարձել Թուրքիայում բնակվող հայության, մասնավորապես` ծպտյալ և մահմեդական հայության մասին: Տարբեր հաշվարկներով` այսօր Թուրքիայում բնակվում են մոտ երկու միլիոն ծպտյալ և մահմեդական հայեր: Վերջերս եղան անգամ դեպքեր, երբ ազգային ինքնագիտակցության զարթոնքի տակ այդ հայերից մի քանի անհատներ հավատափոխ եղան և հայտարարեցին իրենց հայ լինելու մասին:

Թուրքիայի պատմության ողջ ընթացքում ազգային ճնշումների հետ մեկտեղ, կառավարությունն իր հպատակ այլազգիների հանդեպ վարել է անթաքույց ձուլման և հավատափոխման քաղաքականություն: Մասնավորապես, թուրքական իշխանությունները հայի ինքնությունն աղճատելու և նրան ձուլելու համար առաջին հերթին փորձել են հավատուրացություն պարտադրել նրան: Այդ առումով առանձնահատուկ է համշենահայության ճակատագիրը: Արևմտահայության շրջանում առաջինը թերևս, համշենահայերը ձուլման ենթարկվեցին: Դեռևս 18–19–րդ դարերում Համշենի հայության մի ստվար մասն արդեն մահմեդական էր: Համշենահայությունը կարելի է ասել, ժամանակի մշակութային, հոգևոր և քաղաքական ուժերի կողմից իսպառ անուշադրության է մատնվել, քանզի արդեն 1878 թվականից նրանց ստվար հատվածը բնակվում էր Ռուսական կայսրության տարածքում, բայց այդպես էլ ոչ հայ եկեղեցին, ոչ էլ մշակութային գործիչները ոչինչ չձեռնարկեցին` համշենահայությանն իր արմատներին վերադարձնելու համար: 19-րդ դարի սկզբին կաթոլիկ միսիոներների վկայություններով Համշենում բնակվում էին մոտ 4000 ընտանիք հայեր, որոնք ցրված էին շրջանի ութսուն գյուղերում: Նրանց մեծամասնությունը իսլամ էր ընդունել դեռ 18-րդ դարում: Սակայն, իսլամի հետ մեկտեղ, համշենահայությունը պահպանել էր իր լեզուն, սովորությունները:

Համշենի և Սև գետի շրջանի հայության մեծ թափով կրոնափոխությունը սկսվեց 1700 ական թվականների սկզբին: Այդ ժամանակ տարածաշրջանում 15000ից ավելի հայեր էին ապրում:

Համշենի հայության կրոնափոխության նախաձեռնողը դերբեյ Ղուռուֆ օղլի Մեհմեդն էր, որ ենիչերիների հետ ներխուժելով Համշեն` փորձում է ստիպել հայությանը կրոնափոխ լինել: Հայերը դիմադրում են: Տեսնելով, որ բռնությամբ հնարավոր չէ նպատակին հասնել` Մեհմեդը փոխում է տակտիկան: Տեսնելով, որ տարածաշրջանում ընդամենը մի քանի քահանա կա, նա ընտրում է պատանիներ, տանում ուսուցանում, մոլլա կարգում ու կրկին Համշենի և Սև գետի շրջան է ուղարկում` քարոզելու: Սակայն այս քաղաքականությունն էլ չի անցնում, քանի որ հայերը բոլոր քարոզիչներին վռնդում են: Այս ժամանակ Մեհմեդը դիմում է խորամանկության: Նա 500 հոգի է վարձում, ուղարկում շրջակա գավառները, որոնք հայտարարում են ամենուր, թե Համշենի և Սև գետի շրջանի հայերը որոշել են իսլամ ընդունվել, բոլորին հրավիրում են իրենց թլպատման արարողությանը: Սա բավականին արդյունավետ քայլ էր և որոշված օրը հազարավոր մահմեդականներ, մոլլաներ ու զինվորականներ են հավաքվում Համշենում, շարժվում դեպի Թորոս գյուղ, որ իրավամբ, Սև գետի շրջանի կենտրոնն էր համարվում: Հայերի առաջնորդ տեր Կարապետ քահանան նախապես իմանալով այս վտանգի մասին, մի քանի հարյուր զինյալներով շուրջկալում է եկվորներին մի կիրճում և պահանջում որ վերջիններս հեռանան, այլապես, բոլորը կկոտորվեն:
Թուրքերը հեռանում են, բայց Ղուռուֆ օղլի Մեհմեդը նոր խորամանկության է դիմում. նա հիմա էլ հայտարարում է, թե հայերը թլպատության պատրվակով շատ մահմեդականների են հրավիրել Սև գետ, որպեսզի բոլորին կոտորեն:

Սա մեծ արձագանք է գտնում և բազմաթիվ ենիչերիներ, մոլլաների ուղեկցությամբ լցվում են Համշեն: Նրանք որոշում են, որ եթե հայերը դիմադրեն և հավատափոխ չլինեն, կկոտորեն բոլորին, անգամ մանուկներին: Իր հերթին Տրապիզոնի կուսակալն է աջակցում այս դիվային ծրագրին և լրացուցիչ զորք է ուղարկում Համշեն: Համշենահայերը դիմադրության փորձ են անում: Սակայն երբ թուրքերը սպանում են տեր Կարապետին և մի քանի զինյալների, հայերն ստիպված անձնատուր են լինում: Շատերը հեռանում են, մյուսներն էլ որոշում են իրենց գոյությունը պահպանելու համար առերես իսլամ ընդունել: Եվ այսպես ավելի քան հարյուր գյուղեր կրոնափոխ են լինում: Սակայն ամեն տեղ չի որ թուրքերին հաջողվեց հեշտությամբ իրականացնել իրենց մտածածը: Փերվանա գյուղի հայությունը ուժեղ դիմադրություն է ցույց տալիս: Մարտի ժամանակ անգամ սպանվում է Ղուռուֆ օղլի Մահմեդ բեյը: Սակայն, ամենայնիվ, թուրքերը զենքի ուժով կարողանում են շրջանի հայությանը պարտադրել հավատուրացություն:

Այսպիսով, թուրքական իշխանությունների հաջողվեց բռնությամբ իրագործել համշենահայության դավանափոխությունը: Ճիշտ է, համշենահայերը դավանափոխ եղան ի սկզբանե առերես, սակայն հետագայում, հայկական դպրոցների և եկեղեցու չգոյության պայմաններում նրանք սերնդե սերունդ արդեն աստիճանաբար մահմեդականացան ըստ էության: Համշենում դեռ երկար ժամանակ շատերը թաքուն փորձում էին վերադառնալ իրենց արմատներին ու դավանանքին, սակայն բացահայտված դեպքերը խստիվ պատժվում էին:

Կրոնափոխությունից հետո թուրքերը ձեռնամուխ եղան համշենահայերի իսպառ ձուլմանը. նրանք սկսեցին պարտադրել հայերին անգամ մոռանալ մայրենի լեզուն: Հրապարակվում է օրենք, որով յոթ բառ հայերեն խոսելը համարվում է հայհոյանք ու տուգանք է սահմանվում: Մոլլաներն անգամ տնետուն են շրջում և փորձում պարտադրել օրենքը հայերին: Այդ հողի վրա նաև բազմաթիվ ընդհարումներ են լինում: Սակայն, ի վերջո` զուրկ եկեղեցուց և կողմնակի աջակցությունից` համշենահայերը մեծամասամբ մոռանում են նաև լեզուն:

Այսօր համշենահայեր բնակվում են բացի բուն Համշենից` Վրաստանին սահմանակից շրջաններում, Աջարիայում, Միջին Ասիայում, ուր նրանց նախնիները տարագրվեցին Ստալինյան բռնությունների ժամանակ, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, Դոնի Ռոստովում, Ստամբուլում:

 



Նման նյութեր