«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակում է Ավան վարչական շրջանում: Կուսակցության քարոզչական թիմը Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ շրջում են Ավան վարչական շրջանի փողոցներում և բակերում, բաժանում են իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնող բուկլետներ, շփվում քաղաքացիների հետ:
Քաղաքացիների հետ շփումներից հետո Զարուհի Փոստանջյանը զրուցեց նաև լրագրողների հետ: Նա ընդգծեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում առաջին հերթին խիստ հսկողություն է սահմանելու գնումների գործընթացի նկատմամբ, քանի որ այդտեղ շատ մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Փոստանջյանն անդրադարձավ նաև Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների խնդրին, աղբահանության խնդիրներին` ընդգծելով, որ այդ հարցերը լուծել հնարավոր է, սակայն մինչ այս պահը չի լուծվել, քանի որ արդյունավետ քաղաքականություն չի տարվել: «Մենք խոստանում ենք, որ արդար ու հավասար պայմաններ ենք ստեղծելու բոլորի համար: Ես գտնում եմ, որ չի կարելի խոշոր ձեռնարկատերերի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսը հնարավորություն չունենա գործունեություն ծավալել»,- նշեց Փոստանջյանը:
Նրա գնահատմամբ` եթե փոքր և միջին բիզնեսի հնարավորությունները սահմանափակվում են, չեն ստեղծվում պայմաններ, որ նրանք կարողանան արդյունավետ գործունեություն ծավալել, արդյունքում փակվում են օբյեկտներ, կրճատվում են աշխատատեղերը: Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում առանձին-առանձին դիտարկել Երևանում առկա և լուծման կարիք ունեցող խնդիրները: Նրա խոսքով` այդ խնդիրները համալիր են, մեկը մյուսի հետ փոխկապակցված և պահանջում են համալիր լուծում:
Նա իր գլխավորած քաղաքական ուժի նկատմամբ վստահություն տեսնում է ու կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով իրենք մեծամասնություն են կազմելու, իսկ ինքն ընտրվելու է Երևանի քաղաքապետ: «Մենք ժողովրդի հետ խոսելու ենք իրավունքի գերակայության և օրենքի լեզվով: Պարբերաբար հաշվետու ենք լինելու ժողովրդին և լրատվամիջոցներին»,- եզրափակեց Փոստանջյանը: