Ամուսնալուծության հետևանքները մայր-երեխա փոխհարաբերություններում
Advertisement 1000 x 90

Ամուսնալուծության հետևանքները մայր-երեխա փոխհարաբերություններում

Երեխայի հանդեպ դրսևորած վերաբերմունքից և վարքային կառույցից զատ, մայրը նաև սեփական կյանքի մոդելի ձևավորմամբ է զբաղվում: Իսկ նման հեռանկարային ձևավորումն ունենում է մի քանի բովանդակային, դերային և արժեհամակարգային կարգախոս՝ կապված մոր անհատական առանձնահատկություններից և իրավիճակային գնահատումից: Նախորդ հոդվածում խոսեցինք դրանցից երկուսի մասին՝ «Կյանքը` հանուն երեխայի» և «Ամուսնու կերպարի հետ պայքար»: Շարունակելով` անդրադառնանք հաջորդ կարգախոսներին.

Երրորդ կարգախոս. Ժառանգականություն: Հաճախ մայրը, ամուսնալուծությունից հետո, պայքարում է ոչ միայն` ամուսնու կերպարի, այլ նաև բնավորության ենթադրվող գծերի դեմ, որոնք կարող են հանդիպել երեխայի մոտ: Հիմնականում այս երևույթը դիտվում է այն ոչ լիարժեք ընտանիքներում, որտեղ կա մայր-տղա փոխհարաբերությունը: Մայրը սկսում է երեխայի մեջ փնտրել հորից հնարավոր ժառանգվող հատկանիշները: Դրանք հիմնականում այն հատկանիշներն են, որոնք անվանարկվում են` որպես հոր «անցանկալի գեներ» և արտահայտվում են տղամարդկային կերպարին բնորոշ գերակտիվությամբ և ագրեսիվությամբ: Հոր ժառանգականության ներքո, մայրը հիմնականում բացառում է երեխայի մեջ ինքնուրույնության առկայությունը, իրեն ենթարկվելու ցանկությունը, ինչպես նաև կյանքի և ապագայի հանդեպ սեփական տեսակետի առկայությունը: Իսկ վարքային շեղումների շտկման անկարողությունը նա վերագրում է այդ «անցանկալի գեներ» ասածին, դրանով իսկ ինքն իրեն ձերբազատելով դաստիարակման մեջ բացթողումների հանդեպ սեփական մեղքի առկայությունից:

Չորրորդ կարգախոս. Երեխայի սերը գնելու փորձ»: Ամուսնալուծությունից հետո երեխաները հիմնականում մնում են մոր հետ, ինչը ծնողների շփումը դարձնում է անհավասար: Մայրը երեխայի հետ է լինում ամեն օր, իսկ հայրը` միայն հանգստյան օրերին: Հայրը չունի ամենօրյա հոգսեր և կարող է լիովին տրվել երեխաների ամենասիրելի գործին՝ նվերներ մատուցելուն: Պատկերը հետևյալն է. մայրիկի հետ ծանր աշխատանքային օրեր, հայրիկի հետ՝ զվարճալի հանգստյան օրեր: Զարմանալի չէ, որ ինչ-որ վեճի ժամանակ, երեխաներից որևէ մեկը՝ աղջիկ կամ տղա, մայրիկին կարող են պատասխանել հետևյալ արտահայտություններով.

– Իսկ հայրիկն ինձ վրա չի բարկանում…

– Իսկ հայրիկն ինձ նվիրել է…

Նման իրավիճակները խոցում են մորը: Նրա մոտ ցանկություն է առաջանում  գերազանցել հորը և ետ գնել երեխայի ուշադրությունն ու սերը: Իր կողմից նա երեխային մի ամբողջ կույտ նվերներ է մատուցում, ինչն իր մեջ թաքցնում է այն միտքը, որ երեխան չմտածի, թե միայն հայրն է դրան ընդունակ: Հայրն ու մայրը սկսում են մրցակցել երեխայի սիրո համար՝ նպատակ ունենալով ապացուցել ոչ այնքան երեխային, որքան իրենք իրենց և շրջապատին, որ նրան պակաս չեն սիրում և ցանկանում են ամենալավը: Որպես կանոն, նման իրավիճակի հետևանքով երեխան սկսում է կենտրոնանալ ծնողների հետ հարաբերություններում միայն նյութական կողմի վրա՝ փորձելով ամեն կերպ ստանալ իրեն անհրաժեշտ ամեն բան:

Այնուամենայնիվ, հետամուսնալուծության ճգնաժամի ժամանակ անհատի ներքին  ոչ ներդաշնակ լինելն իր ձեռագիրն է ունենում երեխայի անձնային ձևավորման մեջ, քանի որ երեխաները հիմնականում ընկալում են իրավիճակները, կողմնորոշվում են` ըստ մեծահասակի արձագանքի:

Ինչպե՞ս ճիշտ իրազեկել երեխային ծնողների ամուսնալուծության մասին

Հոգեբանի դիտարկում

Չի խրախուսվում գաղտնիությունը և ամուսնալուծության լուրի կոծկումը: Տեղեկատվության բացակայությունը բարձրացնում է տագնապայնությունը:

Անհրաժեշտ է երեխային տեղեկացնել հստակ ձևավորված տեղեկատվությամբ: Բացատրել, որ ծնողները, միևնույն է, մնում են իր սիրելի մայրն ու հայրը, որ նրանք միշտ իր կողքին կլինեն և հոգ կտանեն իր մասին:

Այդ լուրը պետք է հայտնեն ծնողները երկուստեք: Երեխան պետք է վստահ լինի, որ թանկ է երկուսի համար, և հետագայում ծնողների միջև եղած տարաձայնությունը չի անդրադառնա իր վրա:

Պետք չէ երեխայի առաջ խնդիր դնել, թե ում հետ է նա ցանկանում մնալ: Երբ ընտանիքում կան մեկից ավելի երեխաներ, ծնողները սկսում են կիսել նրանց: Ընդհանուր օրենք, թե ում հետ պետք է մնան երեխաները՝ չկա, սակայն, ուշադրություն են դարձնում հետևյալին.

Երեխաների միմյանց հանդեպ կապվածությունը. եթե բաժանել իրար հետ սերտ հուզական կապով կապված եղբորը և քրոջը, ապա հոգեբանական տրավման ավելի մեծ կլինի, քան բուն ամուսնալուծությունը:

Ծնողներից յուրաքանչյուրի անձնական հեռանկարային վարքի դիտարկում. գուցե հայրը կամ մայրը հետագայում ցանկություն ունեն ընտանիք կազմելու: Սա պետք է քննարկվի բոլորի ներկայությամբ, նույնիսկ խորթ հոր կամ խորթ մոր:

Երեխայի կապվախությունը կոնկրետ որևէ ծնողի հետ: Մայրական քնքշանքն ու ապահովության զգացողությունը շատ հաճախ շփոթում են հոր նյութական ապահովվածության հետ: Նյութականը կարելի է մեծ ջանքերի արդյունքում ստեղծել, սակայն սերը և մայրական քնքշությունը՝ երբեք:

Երեխային հնարավորություն տալ ծնողներից յուրաքանչյուրի հետ առանձին և ազատ քննարկել բաժանման փաստը: Քանի դեռ երեխան ունի դրա կարիքը, այն պետք է իրականացվի:

Ամուսնալուծությունից հետո շատ կարևոր է, որպեսզի չփոխվի երեխայի սովորական առօրյան: Շատ ողջունելի կլինի, որ հետագայում երեխան շարունակի գնալ նույն մանկապարտեզը կամ դպրոցը, ինչը կնպաստի երեխայի ընկերական միջավայրի և հետաքրքրությունների պահպանմանը:

Պետք չէ անտեսել փոքրիկ մի աշխարհ, ով ավելի լավ է զգում և վերապրում կյանքի ամեն վայրկյանը, քան մենք՝ սոցիալական փորձով բեռնված անձինքս:

Կամիլա Խաչատրյան

Հոգեբան