Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը կարևորել է էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, էներգառեսուրսների արտահանման ծավալների ավելացումը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս ուղղություններով ակնկալում է ագրեսիվ ռազմավարություն, քանի որ Հայաստանն ունի այդ ներուժը: Վարչապետը կարևորել է նաև հանքարդյունաբերության ոլորտում լինցենզիաների տրմադրման կանոնակարգումը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նախ զեկուցել է վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ արդեն իսկ գույքագրվել է չգազիֆիկացված համայնքների ցանկը.
ՀՀ-ում կա նման 329 համայնք՝ 150 հազար բնակչությամբ, որը կազմում է երկրի բնակչության մոտ հինգ տոկոսը: Նախարարությունը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա հուլիսի մեկը յուրաքանչյուր համայնքի հետ կապված ներկայացնել կոնկրետ առաջարկություններ. գործընկեր կառույցների հետ քննարկվում է համայնքների մի մասը գազիֆիկացնելու հնարավորությունը, իսկ գերակշիռ մասի համար դիտարկվում են այլընտրանքային լուծումներ:
Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում տրամադրված լիցենզիաների գույքագրման վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կատարմանը՝ Մանուկյանը նշել է, որ տրամադրված լինցենզիաների թիվը կազմում է 463, դրանցից 196-ի դեպքում արտադրական աշխատանքներ չեն կատարվում, 51-ի ժամկետները լրացել են, 28 մետաղական հանքերից գործում են ընդամենը 8-ը: Նախարարն ընդգծել է, որ նշված խնդրի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ ևս կառավարությանը կներկայացվեն հստակ առաջարկություններ:
Խոսելով Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և մասնակի արդիականացման ծրագրի մասին՝ Աշոտ Մանուկյանն ասել է, որ աշխատանքների 2/3-րդը մոտենում են ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար, խնայողությունը կազմել է 34 տոկոս: Մայիսի 10-ից ատոմակայանի գործունեությունը կկանգնեցվի 60 օրով՝ ծրագրերը շարունակելու նպատակով:
Վարչապետ Կարապետյանը խոսելով չգազիֆիկացված համայնքների մասին՝ նշել է. «Կարծում եմ, որ շատ ճիշտ ուղղություն եք ընտրել, դրանով կբարելավենք բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները, կնպաստենք համայնքների զարգացմանը»:Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաներ ստացած, սակայն գործունեություն չիրականացնող ընկերությունների խնդրին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Մի բան ակնհայտ է, ներդրողներին ցավեցնելու, նրանց համար խոչընդոտ ստեղծելու որևէ ցանկություն չունենք, դա կլինի ծայրահեղ քայլը, երբ հասկանանք, որ այլևս որևէ հնարավորություն չկա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է լիցենզիաները տրամադրելիս հստակ ձևակերպել կանոնները և առաջադրել կոնկրետ պայմաններ: