Էդիկ Բաղդասարյանը Facebook-ում գրել է.
«Հանձնարարականների թեմաներ` Կարեն Կարապետյանի համար-N-1:
Տագնապ կա շատերիս մեջ։ Չգիտեմ էլ իշխանության մեջ քանիսն են զգում, որ երկիրը ծանր վիճակում է։ Արտագաղթը շարունակվում է, իմ ծանոթներից, հարազատներից էլի լքում են երկիրը, կամ մտածում են դրա մասին։ Մենք կարծես դատապարտված ենք շարունակելու «ապրել, աշխատել, նույնիսկ ստեղծագործել» հանրապետականների իշխանության ներքո։ և հնարավոր է նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք մտածում են, որ իշխանությունը ոչ միայն փող աշխատելու հնարավորություն է, այլ նաև երկիր կառուցելու։ Վարչապետի հանձնարարականների թիվը կարծես թե հատել է 100-ի սահմանը։ Ինչ է փոխվել այդ հանձնարարականներից հետո։ Մեր լրագրողներն անընդհատ մարզերում են, գյուղերում։ Այդ հարցը տալիս ենք մարդկանց։ Նրանք ոչինչ չեն կարողանում ասել փոփոխությունների մասին, որևէ օրինակ չեն կարողանում բերել։ Այդ փոփոխությունները պետք է շոշափելի դարձնել, մարդիկ պետք է զգան, որ ինչ որ բան իրենց կյանքում փոխվեց։ Դժվար է գտնել վարկային պարտավորություն չունեցող մի գյուղացու, նրանք բոլորը «վարկի տակ են»։ Ակնհայտ է, որ սա գյուղացիներին անհանգստացնող համար մեկ հարցն է, նրանց հիմնական մասը գնում է արտագնա աշխատանքի, որպեսզի վարկային այդ պարտավորությունները փակեն։
Կարեն Կարապետյանը պետք է ստեղծի մի հանձաժողով, որը տասը օրվա ընթացքում իր սեղանին կդնի «Վարկային համաներման» որոշման մասին նախագիծը։ Խոսքը գյուղացիների վարկերի մասին է։ Այդ մեխանիզմը շատ լավ մշակված է, կանչեք ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանին, նա կներկայացնի թե մեր բանկերն ինչպես են դուրս գրել տարբեր հսկայական չափերի վարկերը, որոնց թիկունքում կանգնած են եղել իշխանամերձ գործարարները, կամ պաշտոնյաների հետ կապակցված անձինք։ Ահա սա պետք է լինի վարչապետի հանձնարարականը, որը շոշափելի կդառնա գյուղացու համար։ Եթե վարչապետը այսպիսի հանձնարարական տա։ Տասը օր հետո կգրեմ հաջորդ հանձնարարականի մասին, որը բյուջե կբերի մի քանի միլիոն դոլար»։