Արցախյան պատերազմում կանայք բավական մեծ դերակատարություն են ունեցել
Advertisement 1000 x 90

Արցախյան պատերազմում կանայք բավական մեծ դերակատարություն են ունեցել

Արցախյան պատերազմում կանայք բավական մեծ դերակատարություն են ունեցել: Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը նշեց, որ պատերազմի ժամանակ կանայք տղամարդկանց հավասար կռվել են:

«Արցախյան պատերազմին 300-ից ավելի կանայք են մասնակցել: Մարտնչող կանանց կողքին նույնիսկ ամենավախկոտ տղամարդն առյուծ էր կտրում»,- ասաց Սերոբյանը՝ վստահեցնելով, որ կանայք տղամարդկանց պետք են և խաղաղ, և պատերազմական իրավիճակներում:

«Շուշին այնքան անառիկ էր, որ մենք չէինք պատկերացնում, որ կարող ենք գրավել այն: Մի քանի անգամ Շուշիի ազատագրումը հետաձգելուց հետո մեզ վերջապես հաջողվեց 26 ժամվա ընթացքում ազատագրել այն»,- ասաց նա:

Աիդա Սերոբյանը հիշում է, թե ինչպես էին ոգևորվել բոլորը: «Մենք թվով բավական քիչ էինք, բայց կարողացանք համեմատաբար քիչ զոհեր ունենալ: Մենք հատկապես ոգևորեցինք, երբ Շուշիի եկեղեցուց հանում էին հակառակորդի արկերը»,- հավելեց բանախոսը:

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։