Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տոնի նախօրեին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Շուշիի մասնաճյուղի նախաձեռնությամբ և ԱՀ պաշտպանության,մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված մայիսյան եռատոնին:
Միջոցառմանը մասնակցում էին Արցախի տարբեր զորամասերից զինվորներ, ՀԱԱՀ-ի ուսանողներ, մանկապարտեզի սաներ, որոնք հանդես են եկել ասմունքով, հայրենասիրական երգերով և պարերով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ասել է, որ գնալով էլ ավելի է ամրապնդվում դպրոց-բանակ կապը:
«Դրա վկայությունը այսօրվա միջոցառումն է: Բանակի և համալսարանի միացյալ ուժերով կազմակերպված այս միջոցառումն իսկական հայրենասիրության վառ արտահայտություններից է: Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին, բոլոր նրանց, ովքեր Արցախը գնահատում են որպես մի երկիր, որն ունի հզոր բանակ, հյուրասեր ու նվիրված ժողովուրդ, ուր միշտ իշխում են համերաշխությունը, սերն ու միասնությունը »,-ասել է Ս. Ասրյանը:
Ժամկետային զինծառայող, ԱՀ ՊԲ «Ասպետ» համույթի անդամ Գևորգ Ալոյանն էլ ընդգծել է. «25-ամյա անկախություն ձեռք բերած Արցախում ծառայելը և´ պատիվ է, և´ հպարտություն:
Մենք ևս շարունակում ենք հայրենիքի համար պայքարի ելած մեր հայրերի ու պապերի գործը: Դրա վառ արտահայտությունը ապրիլյան պատերազմի օրերին մեր տղաների անձնազոհ նվիրումն է ու հաղթանակը: Ցանկանում եմ, որ մեր աշխարհում երբևէ պատերազմներ չլինեն, և միշտ Արցախում, Հայաստանում և ամենուր միայն խաղաղությունը թևածի»:
ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղի անգլերենի դասախոս Արևիկ Հարությունյանը նշել է, որ միջոցառումը կազմակերպել է ինքը և համալսարանի դեկան Էլեոնորա Ավանեսյանը՝ իրենց ուսանողների հետ:
«Մեր ամեն մի կազմակերպած միջոցառում նպատակային է. այն իրականացնում ենք, որ հայրենիքի զինվորը զգա, որ մենք ևս զինվոր ենք՝ նրանց զինակիցը : Պաշտպանության բանակի հետ բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել: Վերջերս էլ Մարտակերտում կազմակերպել ենք անվանական ծառատունկ՝ այն կոչելով «Զինվորիս այգին»՝ հիշատակ ապրիլյան պատերազմի մեր նահատակների:
Ամեն տարի մեր համալսարանի ուսանողները կայցելեն ու կմշակեն այգին, և այդ ծառերի սոսափյունը կխորհրդանշի մեր զինվորների հավերժական կյանքն ու անմահությունը»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
Միջոցառմանը ներկա էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, արցախյան և ապրիլյան պատերազմների մասնակիցներ, համալսարանի ռեկտոր Վահրամ Հայրապետյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր և այլք:
artsakhpress.am