«1000 դրամներ». զոհված 7 զինծառայողի ընտանիք 70 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել. armtimes.com
Advertisement 1000 x 90

«1000 դրամներ». զոհված 7 զինծառայողի ընտանիք 70 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել. armtimes.com

2016 թ. դեկտեմբերի 15-ին 84 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Այս տարվա հունվարից արդեն ստեղծվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և սկսեց գործել «1000 դրամների» համակարգը:

Մարտի 21-ին առաջին անգամ հիմնադրամի գործառույթը կիրառվեց: Առաջին երկու փոխհատուցումները կատարվել են ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին: 19-ամյա Գոռ Գարեգինյանը և Անդրանիկ Մուսիկյանը ժամկետային ծառայությունն իրականացնում էին Արցախում: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բնակիչ Անդրանիկը զոհվեց հունվարի 18-ին, Գոռը Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր։ Նա զոհվեց փետրվարի 6-ին:

Այսօր տեղեկացանք, որ փոխհատուցում է կատարվել նաև մարտի 28-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Արտակ Էդիկի Ռաֆայելյանի ընտանիքին: «4, 5 օր առաջ 10 միլիոն դրամ է փոխանցվել»,- մեր զրույցում ասաց զոհված զինծառայողի բարեկամներից՝ Մելիք Մկրտչյանը:

Արտակ Ռաֆայելյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից է: 20-ամյա Արտակը «Գինեսի» գրքի ռեկորդակիր էր. նա 7 ժամ անընդմեջ 11.000 անգամ հենում-ծալում վարժություն է արել և գրանցվել «Հայկական դյուցազնագրքում» և դարձել «Գինեսի» գրքի ռեկորդակիր:

Մայիսի 3-ին հատուցումներ են տրվել նաև 4 զինծառայողի ընտանիքների: Կրտսեր սերժանտ Կարեն Մարատի Ուլուբաբյանի, պայմանագրային զինծառայող սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի և փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ:

Պայմանագրային զինծառայող 22-ամյա Կարեն Ուլուբաբյանը զոհվել է 2017 թվականի հունվարի 23-ին՝ հակառակորդի արձակած կրակոցից: 22-ամյա Կարենը սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքից էր:

Սերժանտ Արայիկ Սարգսյանը զոհվել է հունվարի 23-ին:

Մայոր Նվեր Բաբաջանյանը զոհվել է մարտի 1-ին՝ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության հետևանքով: Նա Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից էր:

38-ամյա  փոխգնդապետ Գեղամ Մանուկյանը զոհվել է փետրվարի 8-ին՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:

Լուսանկարում`Արտակ Ռաֆայելյանը

armtimes.com

 



Նման նյութեր