Արմեն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մայիսի 9-ից մի քանի օր անց Վազգեն Մանուկյանը հարցազրույց տվեց «Երկիր» օրաթերթին ու ասաց, որ Շուշիի ազատագրումից մեր ժողովուրդն այնքան ուրախացավ, որ կարծես Երևանի «Արարատն» (ըստ էության, այն օրերի Հայաստանի հավաքականը), ընդամենը հերթական խաղն է հաղթել։
Ու սա, ըստ էության, իրականությունն արտացոլող գնահատական էր. տևական ընթացք տներում ընդամենը 40 րոպե-1 ժամ էլեկտարէներգիա ունենալու, ջերմության գրեթե իսպառ բացակայության, պարենի սակավության ու կենսապայմաների կտրուկ վատթարացման խորապատկերին հասարակականորեն ողջ խորությամբ չէ, որ ըմբռնվել էր Շուշիի իմաստը, թեպետ կար ընկալումը, որ տեղի ունեցածը շարքային բան չէ։ Եվ, իհարկե. կային անհատներ, ում հենց սկզբից էլ պարզ էր, որ կատարվածը պատմականության կնիք ունի և արդյունք է հերոսականության, ոչ միայն բազկի ու զենքի, այլ նախևառաջ` մտքի, գաղափարի ու ոգեղենության փայլատակման…»: