Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ լրատվամիջոցները դարձյալ բարձրաձայնում են նախընտրական ցուցակների ուռճացվածության և արտասովոր դրսևորումների մասին: Մասնավորապես, որ բազմաթիվ հասցեներում 100-ից ավելի անձինք են հաշվառված: Ավելի կոնկրետ՝ Երևանի 18 հազար ընտրող հաշվառված է 621 հասցեում: Կան հասցեներ, որտեղ հաշվառված են անգամ 200-ից 250 հոգի (օրինակ՝ Երևան քաղաքի Հաղթանակ 2 փողոցի 45 հասցեում հաշվառված է 229 ընտրող, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 հասցեում՝ 103 և այլն):
«Առաջին լրատվական»-ը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից խնդրեց պարզաբանել, թե ինչպես է պատահել, որ նույն հասցեում 200-ից ավելի ընտրող է հաշվառված: Բիչախչյանի խոսքերով՝ այդ հասցեներում կամ հանրակացարաններ են գտնվում, կամ չհասցեավորված բնակելի տներ, որոնք բոլորը գտնվում են նույն հասցեի տակ: «Օրինակ՝ Հաղթանակ 2 փողոց 45 հասցեն ծերանոց է, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 հասցեն (Քանաքեռի գերեզմանատան հարևանությամբ բնակելի տարածություններ) ընդգրկում է տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցեներում»,- ասաց Բիչախչյանը՝ հավելելով, որ այդպիսի բազմաթիվ հասցեներ կան:
Բիչախչյանի խոսքերով՝ նման դեպքեր եղան նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց բոլոր դեպքերն էլ, իր խոսքերով՝ այս կերպ են բացատրվում, այլ ինտրիգներ պետք չէ փնտրել: