Իջևանցիները փակել են միջպետական ճանապարհը. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իջևանցիները փակել են միջպետական ճանապարհը. hetq.am

Քիչ առաջ «Հետք»-ը տեղեկություն ստացավ, որ Տավուշի մարզկենտրոն Իջևանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից ի նշան բողոքի:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը, ով նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, դժգոհության առիթ է հանդիսանում երկու հանգամանք՝ մարզի անբարեկարգ ճանապարհներն ու համայնքում փողոցային առևտուրն արգելելու՝ Իջևանի քաղաքային իշխանությունների կողմից կայացրած որոշումը:

Տավուշի մարզով անցնող Մ4 միջպետական ճանապարհի ասֆալտի շերտը քայքայված է, և վարորդները ֆինանսական մեծ վնասներ են կրում: Զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզ բավականին նվազել է՝ պայմանավորված հենց այդ հանգամանքով:

Այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց չափազանց դանդաղ: Բացի այդ, ճանապարհները որոշ տեղերում, օրինակ՝ Հաղարծին գյուղի հատվածում, այն աստիճան հին ու քայքայված են, որ կարկատաններն էլ խնդիրը չեն լուծում:

Սևադա Ղուկասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս մի քանի վթարներ են եղել՝ պայմանավորված ճանապարհների փոսերով:

Քաղաքացիների պահանջն է՝ խնդիրների լուծում կոնկրետ ժամկետներում, «Սահմանի բերանին ապրող ժողովուրդ են, գնում են, սարերից տանջանքով ծնեբեկ ու սինդրուկ բերում կամ իրենց այգու կանաչին բերում վաճառելու, արգելել են: Էս ժողովրդին այլընտրանք, քան երկրից գնալը, չկա: Պետք է հնարավորություն տալ: Դա ժողովրդի գոյատևման նախապայման է», – ասաց Ղուկասյանը:

Որպես վերը բերված խնդիրների լուծման երաշխիք՝ բնակիչները պահանջում են Տավուշի մարզպետի խոստումը, բայց կոնկրետ ժամկետներով, հստակ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին մարզպետ Հովիկ Աբովյանը բանակցում է քաղաքացիների հետ:

Քիչ անց լրացուցիչ տեղեկություն կհայտնենք բողոքի ակցիայի ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ մասնավորապես փակվել է միջպետական ճանապարհի Իջևանի շուկայի հատվածը:

Ամբողջությամբ՝ hetq.am