Սեքսուալ անհամապատասխանությունը զույգերի միջև ինտիմ հարաբերությունների խանգարումն է, որն արտահայտվում է սեքսուալ պահանջմունքների անկման և կողակցի հանդեպ ինտիմ ցանկության բացակայության տեսքով:
Այսպիսի անհամապատասխանությունը կարող է արտահայտվել նաև կանանց մոտ սեռական ցանկության իսպառ բացակայությամբ: Այս երևույթի առաջացման հիմնական պատճառներից է զույգերի անձնային կամ ֆիզիկական անհամապատասխանությունը:
Անձնային անհամապատասխանությունը արտահայտվում է այն դեպքում, երբ զույգերի մոտ առկա են անհատական հակասություններ: Անձնային համապատասխանության վրա մեծ ազդեցություն ունի զույգի զարգացվածության մակարդակը, կրթությունը, ինչպես նաև նյութական, ինտելեկտուալ և մշակութային պահանջները, արժեքներն ու դիրքորոշումները:
Անհատական անհամապատասխանությունը բնութագրվում է զույգերի մոտ էմոցիաներն ու հույզերը կիսելու անկարողությամբ, կողակցի թերարժևորմամբ: Զույգերի միմյանցից օտարումը կարող է բերել նոր “նախասիրությունների”, դավաճանության և վնասակար սովորույթների առաջացմանը: Բացասական էմոցիաները, ատելությունը, վախը կամ անտարբերությունը կողակցի նկատմամբ խոչընդոտում են ինտիմ հարաբերությունների ժամանակ կողակցին ամբողջապես վստահելուն և սեքսուալ հույզերին տրվելուն:
Սակայն երբեմն սեքսուալ անհապատասխանությունը առաջանում է անգամ ներդաշնակ հարաբերություններում: Այսպիսի անհամապատասխանությունը թերևս առավել դժվար հաղթահարելի է: Նման դեպքերում զույգերը սիրում են միմյանց անձնային հատկանիշների համար, սակայն միևնույն ժամանակ չեն կարողանում հաճույք ստանալ ինտիմ հարաբերություններից: Իրենց հերթին զույգերի խնդրահարույց միջանձնային հարաբերությունները ի սկզբանե կարող են զուգակցվել նորմալ սեքսուալ հարաբերություններով, սակայն ժամանակի ընթացքում սեքսուալ հարաբերությունների կոնֆլիկտային ֆոնը հանգեցնում է սեքսուալ ակտիվության անկմանը և բացասաբար է անդրադառնում զույգերի սեռական կյանքի վրա:
Սեքսուալ անհամապատասխանությունը կարող է հանդիսանալ տարբեր սոմատիկ հիվանդությունների և սեռական ֆունկցիաների խանգարման հետևանք, ինչպես տղամարդկանց մոտ՝վաղաժամ սերմնաժայթքումն ու սեռական դիսֆունկցիան, այնպես էլ կանանց մոտ՝ վագինիզմն ու ֆրիգիդությունը: Սեքսուալ խնդիրների լուծման հետաձգումը կարող է առաջացնել նյարդահոգեբանական տարբեր աշխտանիշներ և միզասեռական համակարգի բորբոքումներ։ Այդ իսկ պատճառով սեքսուալ անհամապատասխանության կանխարգելման համար չափազանց կարևոր է նրա ժամանակին ախտորոշումը և բուժումը:
Որոշ դեպքորում սեքսուալ անհամապատասխանությունը պայմանավորված է զույգերի խառնվածքների, սեքսուալ կյանքի նորմերի, ինտիմ հարաբերությունների, պահանջմունքների վերաբերյալ հայացքների անհաջող համադրությամբ , ինչպես նաև զույգերի հոգեբանական տարբերություններով: Ոչ պակաս կարևոր է նաև կողակցի արտաքին տեսքը, միմիկան, վարքը, որոնք հաճախ սեքսուալ գրավչության անկման պատճառ կարող են դառնալ:
Զույգի մոտ առկա սեքսուալ խնդիրների կարևորությունը զգալիորեն փոքրանում է ճիշտ սեքսուալ վարքի և հոգեբանական համապատասխանության դեպքում: Փոխադարձ սերն ու փոխհասկացությունը միջանձնային և սեքսուալ անհամապատասխանության կանխարգելման կարևորագույն գործոններն են: Կարծիք կա, որ փոխադարձ զգացմունքների բացակայությունը կարող է լրացվել համապատասխան տեխնիկական հնարների օգնությամբ: Այնուամենայնիվ, անհնար է զույգի սեքսուալ կյանքը լիարժեք դարձնել առանց մտերմիկ հեգեբանական կապի, փոխադարձ սիրո և հարգանքի:
Այսպիսի սեքսուալ խանգարումները իրենցից հանդիսանում են սեքսուալ շեղման նախնական ձև, որի կանխարգելման համար պետք է կատարել՝ սեքսոլոգիական և հոգեբանական խորհրդատվություններ, կորեկցիոն աշխատանքներ և ընտանեկան թերապիաներ:
Վերոնշյալը փաստում է սեքսուալ անհամապատասխանության ազդեցության կարևորությունը հարաբերուրությունների զարգացման վրա, իսկ զույգի գիտակցված մոտեցումը առկա խնդրին կարող է հանդիսանալ նրանց հաղթահարման ամենակարևոր գործոնը:
urolog.am