«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչին մնացել է ընդամենը երկու օր: Մեր երկրի ներկայացուցչի՝ Արծվիկի ելույթը շատերն են բարձր գնահատում: Հզոր վոկալ ու հետաքրքիր կերպար՝ Արծվիկի ելությը բնութագրելիս՝ հաճախ հենց այս բնորոշումն է օգտագործվում:
Life.panorama.am-ի հետ զրույցում դիջեյ Սերժոն նշեց, որ մեծ սպասելիքներ ունի «Եվրատեսիլ 2017»-ում Արծվիկի ելույթից.
«Ես արդեն նորմալ եմ համարում մինչեվրատեսիլյան և հետեվրատեսիլյան քննարկումները, քանի որ մեզ մոտ ասես սովորություն դարձած լինի, որ ամեն տարի այս մրցույթում մասնակցող մեր արտիստներին և նրանց երգերը պետք է քննադատենք: Անկախ այդ քննադատություններից՝ պետք է ասեմ, որ ինքս շատ եմ հավանում Արծվիկին, նրա երգի մեջ կա յուրահատկություն, որը հենց «Եվարտեսիլ»-ում էլ շատերին գրավեց: Կարծում եմ՝ այն տպավրությունները, որը Արծվիկն իր երգով թողել է առաջին կիսաեզրափակչից, նույն կերպ կշարունակվի եզրափակչում, ինչն էլ մեզ լավ հորիզոնական կապահովվի: Ըստ իս՝ այս երգի օգտին կքվեարկեն ոչ միայն սփյուռքը, այլև եվրոպացիները, քանի որ, հետևելով եվրոպական կայքերում տեղ գտած մեկնաբանություններին, «Fly with me» երգը հավանության է արժանացել, արձագանքները հիմնականում դրական են»,- նշեց Սերժոն:
Խոսելով Արծվիկի տվյալների մասին՝ Սերժոն շեշտեց, որ երգչուհու հնարավորություններին ծանոթ է դեռ ռուսական նախագծերից.
«Արծվիկն այն արտիստներից է, ով ինչ-որ բաներ խոսելու փոխարեն, մի երգով ցույց է տալիս իր տվյալները, երգեցողության բարձր մակարդակը: Նրան ինքս նկատել եմ ռուսական նախագծերից, գիտեմ, որ բացի «Fly with me» երգից, նա հրաշալի երգում է տարբեր ոճերում: Արծվիկը տաղանդավոր արտիստ է, ինչն այս պարագայում ամենակարևորն է: Ի վերջո, ամեն երկրի պատիվն է այդ մեծամաշտաբ մրցությում ներկայացնել պրոֆեսիոնալ երգչի: Արծվիկի մասին կարող են անդադար խոսեն և անգամ չարախոսեն, բայց նրան մեկ անգամ լսելով, անմիջապես հասկանալի է դառնում, որ նա իսկապես լավ է երգում»: