«Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է երկու ոտքերից՝ մեկը մկանային, մյուսը ոսկրային:
Աթոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ վիրահատվել է, և այժմ վիճակը լավ է: Նա դեռևս Ստեփանակերտի հոսպիտալում է: Որոշում էր կայացվել նրան Երևան տեղափոխել, բայց հետո ինչ-ինչ պատճառներով տեղափոխումը հետաձգվել է:
«Դիրքերում» հաղորդաշարի օպերատորը ստացած վնասվածքներից չի ընկճվել։ «Հենց ապաքինվեմ նորից գնալու եմ դիրքեր»,- նշում է նա:
Աթոյանը նաև մանրամասներ պատմեց սահմանային միջադեպից, թե ինչպես են կրակի տակ ընկել, ինչպես են պայքարել թշնամու դեմ և ինչ դժվարություններով է հաջողվել հասնել հոսպիտալ:
«Մեքենայով գնում էինք, մեզ վրա սկսեցին կրակել, մոտ 2000 մետր հեռավորությունից: Արգելված տարածքով չէինք անցնում, այնպես էր, որ ճանապարհով էինք գնում, որը տանում է մեր դիրքեր: Որ սկսեցին կրակել, մենք իջանք մեքենայից և սկսեցինք պատասխան կրակ բացել ինքնաձիգով: Մտածեցինք մեքենայից հեռու գնալ, որովհետև մեքենան լավ թիրախ էր: Հնարավոր էր արկով պայթեցնեին մեքենան: Մեքենայից հեռու գնացինք, և Արշակը սկսեց կրակել, ես էլ նկարում էի այդ ընթացքում: Մեքենայից իջել էին, բայց շատ մոտ էինք, պայթեցնելուց հետո բեկորներից կարող էինք վնասվածքներ ստանալ: Այդ պահին տեսախցիկը ձեռքիս մի քիչ էլ հետ-հետ գնացի, և դիպուկահարը խփեց: Վազելու ժամանակ կրակեց ու զգացի, որ ձախ ոտքս չեմ կարողանում շարժել»,- պատմում է Աթոյանը:
Վիրավորվելուց հետո մոտ 2-3 ժամ նա և «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը մնացել են նույն տեղում, քանի որ հակառակորդը անընդհատ կրակի տակ է պահել տարածքը: Աթոյանի խոսքով՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, հակառակորդին սկսել է ճնշել՝ տարբեր տեսակի զինատեսակներից կրակ բացելով, բայց դիպուկահարը շարունակել է ակտիվ գնդակոծել:
«5-10 րոպեն մեկ կրակում էին մեր ուղղությամբ, բայց օգնություն չկանչեցինք, որ իմ պատճառով ինչ-որ մեկն էլ չվիրավորվի կամ զոհվի: Որոշեցինք սպասել մինչև մութն ընկնի, նոր միայն այդ ժամանակ տղաներն ինձ հասցրին հոսպիտալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ուղղությամբ նախօրեին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել: Նշենք, որ չնայած մեքենայի վրա բացված կրակին, «Շանթ» ՀԸ-ի օպերատորը շարունակել էր նկարահանումը: Դավիթ Աթոյանն ունի կոտրվածքներ և հրազենային վնասվածք: