Ինքս ինձ ցանկանում եմ ամեն ինչից ուրախանալ և երբեք չտրտնջալ․ Լիլի Էլբակյանը 31 տարեկան է
Advertisement 1000 x 90

Ինքս ինձ ցանկանում եմ ամեն ինչից ուրախանալ և երբեք չտրտնջալ․ Լիլի Էլբակյանը 31 տարեկան է

Դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն այսօր նշում է ծննդյան 31-ամյակը: Տոնական օրվա անակնկալների և ամենամեծ ցանկությունների մասին Լիլին պատմել է Life.panorama.am-ին:

«Ծննդյանս օրվա անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից: Առաջին անակնկալն արեցին իմ սիրելի Խամաճիկների պետական թատրոնի դերասանները, ովքեր այժմ «Մշակութային կանգառ» ծրագրով հյուրախաղերի են Լոռիում և Ստեփանավանում: Նրանք կեսգիշերին ֆեյսբուքով ուղիղ եթերով միացան, իսկ երբ տեսա, թե ինչ պատրաստություն են տեսել հատուկ ծննդյանս օրը շնորհավորելու համար, շատ հուզվեցի՝ տորթ, տոնական գլխարկներ, սուլիչներ և այլն: Մի խոսքով՝ ամեն հնարավորն արել էին ինձ ուրախացնելու համար, այսօր էլ կրկին ուղիղ միացմամբ, բայց արդեն մարզերի բնակիչների հետ միասին շնորհավորել են ինձ: Ի դեպ՝ հետաքրքիրն այն է, որ ընկերներիս միջնորդությամբ ինձ շնորհավորում են անծանոթ մարդիկ, ինչն էլ ավելի հաճելի է: Թատրոնն իմ երկրորդ, եթե ոչ առաջին տունն է, ուստի սիրելի թատրոնիս աշխատակիցների նման անակնկալը այս տարեդարձս անմոռանալի դարձրեց: Ես լիարժեք եմ իմ թատրոնով, այսօր էլ թեև ընկերներս թատրոնում չեն, բայց հասցրել եմ գնալ, կարոտս առնել ու հետո նոր միայն գալ տուն»,- պատմեց Լիլի Էլբակյանը՝ նշելով, որ գործընկերներին չի կարողացել միանալ, քանի որ երեկ ներկայացում ուներ Կամերիային թատրոնում:

Խոսելով երեխաների շնորհավորանքից՝ երջանիկ մայրիկը ժպիտով նկատեց.

«Քանի որ ներկայացման էի, ուշ գնացի տուն, երեխաներս էլ արդեն քնած էին, սակայն գիշերվա ընթացքում տղաս սովորաբար արթնանում է: Այս գիշեր էլ, երբ որդիս արթնացավ, ասացի՝ «Գիտես, այսօր մամայի ծնունդն է», նա էլ թե՝«Գիտեմ, արի պաչիկ անեմ»: Այդպիսով ծննդյանս ամենաքաղցր համբույրը ստացա: Դե իսկ առավոտյան աղջիկս երգեց ինձ համար, հետո քույր ու եղբայր պարեցին ու մամային շնորհավորեցին: Այսինքն՝ տոնական օրս ապահովված է»:

Ինչպես շատերը գիտեն՝ Լիլի Էլբակյանը չի սիրում ծննդայն օրը նշել, բայց ամեն տարվա նման, այսօր էլ նրա մայրը՝ ՀՀ Վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանը, դստեր համար տոնական խնջույք կկազմակերպի.

«Ինձ ճանաչողները գիտեն, որ չեմ սիրում ծննդայնս օրը նշել: Եթե բալիկներիս խնամքի հարցը չլիներ, գուցե հենց երեկ գիշեր վեր կենայի ու գնայի թատրոնի ընկերներիս մոտ՝ Լոռի: Այսօր էլ, երբ հորդառատ անձրև էր գալիս, մեքենայով գնում էի աշխատանքի, լսում էի Զեմֆիրա, ու հավատացեք՝ այդպիսով մեծ հաճույք էի ստանում ծննդյանս օրից: Բայց, ծնողներս ամեն տարվա նման չեն թողնի, որ ծննդյանս օրն անաղմուկ անցնի: Նրանք հաստատ հայկական խորոված կպատրաստեն ու մտերմիկ ընտանեկան երեկո ինձ կպարգևեն: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել ծնողներիս, որ կան իմ կյանքում, մորս եմ շնորհակալ, որ մեծ դժվարությամբ ինձ ունեցել ու մեծացրել է, նրա բոլոր ապրումները ես զգում եմ հիմա, երբ ինքս էլ մայր եմ: Այսօր տոնական տորթ եմ նվիրելու մորս ու շնորհավորելու եմ նրան, քանի որ, ըստ իս, այս օրն ավելի շատ նրանն է, քան իմը»,- ընդգծեց դերասանուհին:

31-ամյա Լիլի Էլբակյանը շնորհավորաքների ու բարեմաղթանքների պակաս հաստատ չի զգա, իսկ հարցին, թե ի՞նչ է ինքն իրեն մաղթում, պատասխանեց.

«Մինչև 30 տարեկանը՝ ես հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում, ինչ եմ դառնալու և առհասարկ, իմ բոլոր անելիքները, անգամ ամեն օրվա գործերը հստակ պլանավորում էի, իսկ 30-ից հետո մի շրջանում եմ հայտնվել, երբ ես իսկապես չգիտեմ, թե ինչ եմ ուզում: Սա գուցե լավ է, քանի որ այն ժամանակ ես մաքսիմալիստ էի և կյանքից ուզում էի ստանալ ամեն ինչ, իսկ հիմա ես ուղղակի նոր բաներ եմ փորձում, որոնք ինձ ուրախացնում են, պահի տակ երջանկացնում: Հիմա Ինձ մաղթում եմ չմոռանալ, որ ես երջանիկ եմ, որովհետև մեկ-մեկ հոգսերի, խնդիրների մեջ ես դա մոռանում եմ: Ուզում եմ՝ ամեն օր հիշել, որ արդեն մեծ երջանկություն է, որ օրը բացվել է, որ երեխեքս առողջ են, որ ծնողներս ու ամուսինս կողքիս են: Ինքս ինձ ցանկանում եմ ամեն ինչից ուրախանալ և երբեք չտրտնջալ»:

Դերասանուհին վստահեցնում է, դեռ մանկուց մեծ սիրո մեջ է մեծացել, սակայն այս հարցում ինքն իրեն մի փոքր «ագահ» է համարում.

«Դեռ փոքրուց միշտ շատ բաց ու անկեղծ եմ եղել, ասել եմ այն, ինչ մտածում եմ, շատերն անգամ իմ անկեղծությունից նեղվում են, քանի որ բացեիբաց արտահայում եմ մտքինս: Իմ ողջ կյանքի ընթացքում անդադար սեր եմ զգացել թե ընտանիքում, թե շրջապատում: Ու թեև այդ սերն այնքան շատ է եղել ու կա, որի կարիքը պետք է, որ չունենայի, բայց ներքուստ մի զգացողություն ունեմ, որը հուշում է՝ միշտ սիրո կարիք ունեմ: Ես ինքս էլ ընդունակ եմ աննկարագրելի շատ սիրելու, ուստի միշտ ուզում եմ նույնքան էլ սեր ես զգամ, թեև շեշտում եմ՝ Փառք Աստծո, սիրո պակաս հաստատ չունեմ: Այս զգացողությունը ապրել եմ դեռ մանկուց, ու գուցե դա վատ է, քանի որ այդպիսով նշանակում է, թե չեմ գնահատում այն, ինչ ունեմ, բայց սա մի ուրիշ բան է, որը բառերով դժվար է նկարագրել: Պարզապես ագահաբար ուզում եմ անդադար սեր զգալ էն մարդկանցից, ում ինքս էլ չափազանց շատ եմ սիրում: Իմ ցանկությունները միշտ ինձնից առաջ են ընկնում, ու երբ հանկարծ դրանք չեն իրականանում իմ պատկերացրածի նման, ես սկսում եմ տխրել: Երևի սա մասնագիտությունիցս էլ է գալիս՝ ռեժիսորի աչքով միշտ շատ մեծ բաներ եմ երևակայում ու սպասում անսովոր իրադարձությունների»,- ավարտեց հոբելյարը: