«Հերթական թաղումն էր, շոգ էր, մեռնողն էլ մոտիկ մարդ էր…». Քրիստ Մանարյան
Advertisement 1000 x 90

«Հերթական թաղումն էր, շոգ էր, մեռնողն էլ մոտիկ մարդ էր…». Քրիստ Մանարյան

Երգիչ-երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական թաղումն էր, շոգ էր, մեռնողն էլ մոտիկ մարդ էր… երբ թաղումները դառնում են հերթական` նշանակում է գլխավոր շրջադարձն անցել ես: Հասկացողը հասկացավ: Բայց դրա մասին չի խոսքս, դրա մասին խոսես չխոսես` բան չի փոխվելու, դա պատահել, պատահում ու պատահելու է ամեն մարդու կյանքում: Եթե նա էնքան երջանիկ է, որ մինչև էդ շրջադարձի օրն ապրել է:

Խոսքս էլի ագռավազգեստների մասին է, առանց նրանց ինչ թաղում, ինչ հոգեհանգիստ, ինչ ծնունդ կամ հարսանիք…….նրանք միշտ կան, մենք էլ չլինենք` իրենք միշտ ներկա են լինելու, զզվելի գերազանցիկների պես:
Դագաղը դրեցինք հողը, ով ձեռքով, ով` բահով փոսը լցրեց ու պարտքի գերգիտակցված զգացումով մի կողմ քաշվեց, ճակատը թաշկինակով սրբելու կամ ծխելու: Քիչ մարդ էր եկել, շատերն արտասահմանում են` արտագաղթի: Լավ է գոնե հաղորդագրություններով ցավակցություն հայտնեցին դրսերից: Առաջ դա անում էին հեռագրերով, հիմա փոստ գնալու կարիք այլևս չկա, մատի մի երկու սեղմում` հանգուցյալի հարազատների սիրտն արդեն գրպանումդ է:

Ամենահին արտագաղթողը գրել էր` My Condolences, երևի Ցավակցություն բառն ադեն կոպիտ է հնչում նրա ամերիկանացված ականջին, Ցավ կա մեջը: Իսկ նա հենց ցավից է փախել: Որ էրէխեքը Ցավ չտեսնեն: ԱնՑավ ապրեն….ինչևէ:
Ջուր չկար: Բայց հանգուցյալի վիճակի հետ համեմատած` մերը դրախտային էր:
Սակայն ոչ-մի դրախտ երկար չի տևում` առաջ եկավ ագռավազգին:

Ու սկսվեց….

Ու պարզվեց, որ մենք, անհավատ միամիտներս, մինչև հիմա աններելիորեն սխալ ենք ապրել, օրինակ` գերեզմանի վրա ենք լցրել ըմպանակի օղին…իսկ գերեզմանը հանգուցյալի բնակարանն է, մենք էլ ապուշ-ապուշ պղծում ենք այն: Մենք էս տարիքին չենք հասկանում, թե ինչ ենք անում: Ու քահանան տեղ ունի մեզ առաջին դասարանցիների պես խրատելու և անգամ` ձայն բարձրացնելու մեզ վրա, մեզ ախր որտեղի՞ց էդքան գիտակցություն…

Ու դա դեռ չարյաց փոքրագույնն է, մենք էնքաաան սխալներ ենք գործում, որոնք հատկապես վառ են երևում գերեզմանատանը, մեռելին վերջին հրաժեշտը տալիս: Առօրյա կյանքում դրանք սղղցնում, պլստացնում անցկացնում ենք, բայց հիմա, թաղման տեղը բռնվեցինք, էստեղից ու՞ր պիտի փախչենք` ագռավազգին հիմա թևերը քշտած, հերթով կասի, թե որը որից հետո է…
Ես միշտ մի կողմ եմ քաշվում նման դեպքերում, չլսելու համար նույն ուղեղլվացումներն ու անհամ երգերը` Երուսաղեմ քաղաքը լա-լա-լա, լա-լա……….

Իմը Երևանն է, մեռնողն էլ Երևանցի էր, ի՞նչ ես գլուխս արդուկում քո Երուսաղեմով, ի՞նչ ես ընկել ոտատակ, փող ես աշխատում…բայց նորից ու նորից համառորեն կոխում են ականջս` Երուսաղեմ քաղաքը լա-լա-լա, լա-լա…
Նայում եմ սակավաթիվ ներկաներին` կարգին, հայ մարդիկ են, հոգնած էս անմխիթար կյանքից, ոչ էնքան առողջ, շատերը ծերը ծերին հազիվ հասցնող, ոմանք էլ` չհասցնող, դեմքներից, հագածներից ու ծխած սիգարետներից պարզ երևում է…եկել, հասել են էս անջուր չոլը, իրենց ու կոճակ սեղմող արտագաղթածների փոխարեն…ու հիմա երիտասարդ, ճեմարանավարտ անթրաշ ջահելը նրանց կյանք ու խելք է սովորեցնում, ըստ էության` կշտամբելով….Երուսաղեմ քաղաքը լա-լա-լա, լա-լա….

Բա Երևան քաղա՞քը…բա Անի՞ն, բա Կա՞րսը, թվով 70-ից ավել Տիգրանակերտնե՞րը, բա մյու՞ս մեր քաղաքները, մեր մարդիկ, մեր հայերը, մեր նախնիները, մեր ժառանգները…բոլորը պիտի գլուխները կախ, դպրոցի աշակերտների պես կշտամբա՞նք լսեն ամեն անգամ, հայտնվելով գերեզմանատանը, որն ըստ էության` շատ իմաստներով վաղուց արդեն փակուղի է, փակված ուղի…

Միշտ մի կողմ եմ քաշվում նման գերեզմանային քարոզարշավների ժամանակ ու հետո էլ, հոգեհացի սեղանին աշխատում եմ հոգևորականից հնարավորինս հեռու նստել` լավ կտորները դրեք նրան, ըմպանակը միշտ լիքը պահեք, մեքենան արագ մոտեցրեք, որ նա մյուս արարողությունից չուշանա հանկարծ: Փողը, փողը չմոռանաք` առանց դրա հանգուցյալը նույնիսկ քավարանի ճամփան չի գտնի, ուր մնաց` երկնային արքայության…
Երուսաղեմ քաղաքը լա-լա-լա, լա-լա…

Վերջին անգամ ինձ փորձեց բոլորի մոտ խրատել ու խելք սովորեցնել ֆիզիկայի ուսուցչուհին` բարձիկը վերցրեցի, որ տամ գլխովը: Ողջ դասարանը հիշում է, կվկայեն:

Էն տարիների լակոտը չեմ, իհարկե: Բայց դուք էլ չափներդ ճանաչեք, այ Երուսաղեմ քաղաքի լա-լա-լա, լա-լաներ…»:



Նման նյութեր