Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից,քննությամբ պարզվել է, որ վերջինս հունվարի 29-ին հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերել է «iPhone 6s» տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար նրանից կաշառք է պահանջել: Սակայն դատապարտյալը չի կատարել վերջինիս պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Վ. Մ.-ն, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, փորձել է կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: