ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի ավագանու ընտրություններին 14-ին, 9/21 ընտրական տեղամասում առաջին քվեարկողն էր: Քվեարկությունից հետո լրագրողների հարցին, թե ինչու է միշտ առաջինը մասնակցում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Սովորություն է: Աշխատանքս սկսվում է այս ժամին, և բնական է, այստեղ եմ գալիս նոր գնում եմ աշխատանքի»:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի այն հայտարարություններին, որ այս օրերին ոստիկանները պետք է ՀՀԿ շտաբերի մոտ հերթապահեն, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի. Ոստիկանապետն արձագանքեց. «Բոլոր շտաբերի մոտ էլ ուշադիր ենք՝ սկսած Հանրապետականից, վերջացրած ծիրանի հա՞, «Երկիր Ծիրանի»-ով: Բոլոր տեղերում»:
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած հրապարակումներին, ըստ որի՝ ոստիկանության ավտոմեքենաների լվացման ծառայություն մատուցող «Յուտեկ Ավտո» ՍՊԸ-ն պատկանում է իր դստեր ամուսնուն՝ Սրթուր Գևորգյանին, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Այնքան բաներ են կապում, որ շատ ժամանակ իմաստ չունի ուղղակի դրա մասին խոսել, բացարձակապես ոչ մի կապ չկա: Եթե կբերեք փաստ, որ այդ ընկերությունը պատկանում է փեսայիս, ուրեմն այդպես էլ կա»: