«Արմենիա» բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ երեկ, Երևանի ավագանու ընտրությունների օրը, ոստիկանների կողմից բռնության ենթարկված Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դստեր առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նա շուտով տուն կգնա։ Զարուհի Փոստանջյանի դուստրը հարվածներից ուղեղի ցնցում էր ստացել։
Նշենք, որ Ավանում՝ Աճառյան 2 հասցեում գտնվող Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում երեկ միջադեպ է գրանցվել և ոստիկանները բռնի ուժով փորձել են բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին: «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն այստեղ ընտրախախտում է արձանագրել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Նրա պնդմամբ՝ շտաբում գտնվող դարակներում են պահել ընտրախախտումների իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ ցուցակներ և այլն։ Սակայն ոստիկանները բռնի ուժով դուրս են հրավիրել շտաբից քաղաքապետի թեկնածուին, բռնության ենթարկել, քարշ տվել դեպի ոստիկանական մեքենա: Իսկ Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին, տարել են անհայտ ուղղությամբ, ապա ճանապարհի կեսից՝ ազատել: