«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ բիրտ ուժի կիրառման փաստը.
Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում տեղի է ունեցել բռնություն, բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ էր եկել ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով, որտեղ էլ տեղի է ունեցել Զարուհու և նրա դստեր նկատմամբ բռնություն, նախ՝ ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանության ներկայացուցիչները «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուին և նրա դստերը հրելով, քարշ տալով դուրս են բերել ՀՀԿ շտաբից, իսկ այնուհետև կարճ ժամանակով բերման ենթարկել Լիլիթ Դրամփյանին:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ ուժի կիրառման փաստը, այն համարելով ապօրինի և անընդունելի։
Կոալիցիան կոչ է անում բոլոր իրավապաշտպան կառույցներին հետամուտ լինել դեպքի քննությանը։
Իրավապահ համակարգից պահանջում ենք համակողմանի քննություն անցկացնել ու պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին՝ թե՛ ՀՀԿ շտաբի, թե՛ ոստիկանության ներկայացուցիչներին։
Նաև` հայտարարում ենք, որ պետության կողմից անբավարար միջոցառումների և նման բռնության կիրառման փաստի անտեսման պարագայում, որը հակասում է Հայաստանի կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներին, այդ թվում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային» (CEDAW), մենք հետամուտ ենք լինելու բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնելու և ի ցույց դնելու այս միջադեպը, որպես պետության պարտավորությունների կատարման թերացում և կանանց քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանափակման ու խոչընդոտման վառ օրինակ։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
15․05․2017
Անդամ կազմակերպություններ
Women’s Resource Center/Կանանց ռեսուրսային կենտրոն
Society Without Violence/Հասարակություն առանց բռնության
Women’s Rights Center/Կանանց իրավունքների կենտրոն
Women’s Support Center/Կանանց աջակցման կենտրոն
Public Information and Need of Knowledge/Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք
Sexual Assault Crisis Center/Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն
Real World, Real People/ Իրական աշխարհ, իրական մարդիկ