Հայկական կողմը մշտապես արձագանքում է ադրբեջանցիների ակտիվությանը, տանկերին, զորավարժություններին, այսինքն՝ ռեֆլեքսորեն շարժումներ է անում։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայկական կողմի արձագանքը ադրբեջանական գործողություններին համեմատեց գլխատված գորտի շարժումների հետ. «Երբ գորտի թաթին ծծմբաթթու են լցնում, նա նույնիսկ առանց գլխի շարժում է այն՝ արձագանքելով ցավին։ Մենք մեծ սխալ թույլ տվեցինք 1993 թվականի աշնանը եւ շարունակում ենք կրկնել նույն սխալը։ Դա նշանակում է նախաձեռնությունը տալ թշնամուն»։
Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է վերադարձնի ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը։ «Հայկական կողմի առաջխաղացումը թուրքը չի կասեցրել։ Մենք ինքներս ենք կանգնեցրել։ Հայտարարում ենք, որ կոշտ պատասխան ենք տվել, պատժել ենք։ Միեւնույնն է, ամեն ինչ այդ գորտի ոճով է։ Մենք պետք է նախաձեռնող ու պահանջկոտ դառնանք»։
Անդրադառնալով տարածքներ վերադարձնելու մասին հրապարակային հայտարարություններին՝ նա նշեց, որ նման խոսակցություններն անթույլատրելի են։ Ըստ նրա՝ լուրջ գումարներ են ծախսվում որոշ տարածքների վերականգնման համար։ Դա նշանակում է, որ ոչ ոք նման բան չի նախատեսում։ «Նայեք Վարդենիսից Մարտակերտ ճանապարհին, Քարվաճառի ճանապարհին, այնտեղ ամենուր շինարարություն է ընթանում։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է դա նշանակում, եթե ղեկավարությունը պատրաստվում է տարածքներ հանձնել, ապա ինչպե՞ս կարող է այդ հատվածներում շինարարություն անել։ Նման խոսակցությունները դրսի համար են, սակայն դրսի լսարանի համար արվող արտահայտությունները չի կարելի անընդհատ ներսում շրջանառել։ Կամ ինչ «կապիկություն» է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգ եւ մաքսակետ դնելը»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: