Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քսանհինգ տարի՝ անգամ զինվորական համազգեստը չփոխվեց, մնաց սովետական, ռուսական։ Մեր երկրի սուտը հիմքում է նստած։ Այդ սովետական արտադրության փչովի սուտը՝ գնալով մեծանում է, ու մի օր պայթելու է փուչիկի պես։
Պիտի պայթի, մեր մեջ պիտի պայթի սուտը, որպեսզի նոր և իսկական անկախությանը արժանանանք,որովհետև անկախ լինելուն պիտի արժանի լինես, բաց լինես,որովհետև ազատությունն ու անկախությունը ամեն մեկիս մեջ պիտի ապրի, պիտի ծնվածդ օրվանից քեզ ուղեկցի ամբողջ կյանքում։ Միայն անկախ և ազատ մարդկանց հասրակությունը կարող է անկախ պետություն ունենալ,ազատ մտածել, ազատ ստեղծագործել։ Իսկ մենք անգամ չհասկացանք, թե ինչպես տոտալիտար, միակուսակցական երկրում ապրողներս՝ քվեարկության միջոցով մի օր արթնացանք ու ասեցինք, որ արդեն անկախ ենք, իսկ ումի՞ց ենք անկախ, մինչ օրս շատերը դեռ չեն էլ հասկացել։
Չեն հասկացել, որ անկախությունը հենց Ռուսաստանից էր, իմպերիայից։ Շատերը միաձայն ասում են, թե անկախ երկրներ գոյություն չունեն, այո, բացարձակ անկախ չես կարող լինել, բայց չես կարող լինել նաև բացարձակ կախյալ ինչպիսին մենք ենք այսօր։ Աշխարհի բոլոր ժողովուրդները թանկ գին են վճարել իրենց անկախության համար,միայն մեր ապաշնորհ ստրուկները կարող են միջազգայնորեն ձեռք բերված անկախությունը հանձնել ուրիշին։
Սրանք ամեն բանի ընդունակ են, միայն թե չզրկվեն թալանած հարստությունից, «Քաջ Նազարի» պալատներից ու գահից։ Մեր երկրի անկախությունը միայն մերը չի, այսօրվա ապրող սերնդինը չի, այն պատկանում է ապագա Հայաստանին, որի համար պիտի այսօր պատրաստ լինենք ցանկացած ուժի, ցանկացած երկրի դեմ կռիվ տալ»։