REQUIEM AETERNAM
Հոգու հանգիստ հոգե հանգստություն,
Ալիքների ծփանք, եւ կանչ երակնահոս,
Երկնքահայր մի հող՝ իբրեւ կղզի ու տուն,
Եւ Տունդարձի մի ծով՝ կապտակապույտ քաոս։
Եւ հավերժահարսեր՝ ծովաշղարշ ոչինչ,
Եւ ձեռնասուն դեւեր՝ ծնկած տեսլաջրին,
Ու խաղա՜ղ մխացող եղեգների միջից
Սառցակալած մի լեռ՝ մինչեւ սիրտը հղի։
Այստեղ, միայն այստեղ
ներանհատիկ լույսի
խնդությունը պիտի դառնար ինքնավըտանգ,
ու քո կամքը հըստակ՝ մերկ ու անառասպել
Սաղմնավորվեր պիտի թանձր ջրերի տակ,
Այստեղ, այս կողմերում
Ցնորաշարք որպես
Պիտի սահեր անհայտ կյանքը ինձնից մեկի
Բայց քո ձայնին հլու՝ չփոթորկվող երբեք ալիքները
նրան շպրտեցին երկինք։
Դու, որ տվիր նրան խաղաղության մարմաջ,
Տուր եւ խաղաղություն նրա անտուն հոգուն,
Եւ՝ երկնքի պատին աստղիկներով գամված
Հանդուրժիր մարմինը վերադարձած որդու։
DIES IRAE
Հոգու հանգիստ հոգե հանգստություն,
Ծիրանի ծուխ՝ այնքան երբեք հանգած,
Իսկ միածին մանկանց
հանկարծ բազմախըցում
հատաքաղց
կարծըր
անվերադարձ կարծած։
Անկորցնելի՛դ իմ գորշ, ի՞նչ էր ուզածը քո,
Թո՜ղ ինձ խաղաղությունն անսիրտ երջանկության,
ու՝ ինձնից մահ հայցող նմանակիս ճիգով,
ու՝ ինձ ձայն ներարկող համրերի դաշնությամբ,
ու՝ խելագարության մեջ այս կընճաժըպիտ
ես քեզ չե՛մ մատուցի քո արյունը տըտիպ։
Ահա ասում եմ քեզ. այս կողմերում հրկեզ
չկա՛ արձագանքը քո անբարբառ կանչի,
ու ես չեմ փնտրելու։ Եվ ես սիրում եմ քեզ,
եւ ես որդին եմ քո մղձավանջի։
Եվ անլույս երեկվա հուսարձակի միջից
բոլոր դեւերն այսօր իմ ներսում պապանձված
քեզ բերում են – ահա – չդադարող մի սիրտ
հուշկահարսիկների ժանիքներից կախված։
LIBERA ME
Ձեռքը սրտի մեջ, ու սիրտը՝ բաց,
Ու բաց սրտի մեջ ձեռք ու թախիծ.
-Ու՞մ ուրվականն է՝ կողից խոցված
Մեղմորեն ճոճվում առաստաղից-
Վերապատմածի վերապատմում,
Նախացնորում ետցնորման,
Ու ձայն են տեսնում անապատում
Այս մարդիկ՝ այսքան իրար նման։
Ու լույս են լսում անապատի,
Ու լույսը արդեն ետ է ձայնից.
-Եբրայեցի է ամեն պատիճ,
Եւ ուրվական է ամենայն ինչ-
Սիրտը ձեռքի մեջ, ու ձեռքը բաց.
Ու ինչ էլ անես, պիտի մնան
ունկերը՝ ձայնի, աչքերը՝ թաց
Այս մարդիկ՝ այսքան իրար նման։
Սրանից ավել ի՞նչ կար վերջին,
Ի՞նչ կար՝ առաջին, սրանից զատ.
Եւ ուրվականն ու եբրայեցին
Ժպտում են իրար անհարազատ,
Այս աղմուկի մեջ ի՞նչ էր պիտո,
Եւ ի՞նչ էր պիտո, որ իմանան
Իրենց ու իրար սիրահետող
Այս մարդիկ՝ այսքան իրար նման։
Դու իզուր նրանց հըմայեցիր։
Նրանք՝ ոհմակով, դու՝ միշտ մենակ,
Քեզ համարեցին մեկն իրենցից՝
Կցելով քեզ կյանքն անժամանակ,
Ու մինչ դու՝ հեռու քո բանտերում,
Նրանք ապրում են դեմ-հանդիման
Քո մարմինն անտեր, ու անտերունչ
Այս մարդիկ՝ այսքան իրար նման։
TUBA MIRUM
– Ել, ելիր, առասպել իմ,
– Ել, ելիր, նմանակ իմ.
Մեզ շեփորն է կանչում նախահավերժության,
Եղերաձայն՝ էլ ի՞նչ.
Հրաժեշտ տուր իրար`
Ժամանակն է։
Եւ ելիր նաեւ դու՝ երկնահըմա ու թաց,
– Ժամանակն է –
Երկնքի հատակին ծնկներդ արյունոտած.
– Ժամանակն է –
ու նաեւ դու՝ այդքան ներինքնասրդողած՝
– Ժամանակն է –
որ հեռացար՝ բոցըդ ալիքներին թողած.
– Ժամանակն է –
Դու, որ սեր թաղեցիր հուշկահավերժաքաղց՝
– Ժամանակն է –
ու հիմա կաս կապույտ, սեւ ու կապույտ հագած.
– Ժամանակն է –
եւ դու, որ լույս բերիր ու աստվածներ տարար՝
– Ժամանակն է –
եւ դու՝ աստղատարած մի՞թե իմ մեջ մարած.
– Ժամանակն է –
Հայրենիք իմ, սեր իմ, ԱրյունԱչոք մեղա,
– Ժամանակն է –
Որ սոսկ ավետաբեր ու շնչահեղձ եղար.
– Ժամանակն է –
Եղբայր իմ, թող ձեռքս, ու թող մնա այն բաց՝
– Ժամանակն է –
Ես էլ մեկն եմ քեզնից, եւ ուզում էի… բայց
Ժամանակն է։
CONFUTATIS
Ես գիտեի՝ ոչ ոքի համա՛ր եկա ես այստեղ,
Սակայն այստեղ երբվանից ոչ ոք չկար էք արդեն,
Միայն մի կանչ էր ծանոթ, եւ իմ պատկերն էր դեռ թաց տիեզերքի իմ բաժին
սա կողմերում ավետյաց։
Ու տրվելով այդ կանչին, ու ձայնելով նրա հետ,
Երակներով իմ կապույտ ես լողացի դեպի ետ՝
Թափառելու նրանց մեջ, որ փնտրելով ինձ սըրինգ՝
միանվագ իմ հոգուն կավե մարմին հագցըրին.
-Մենք ենք՝ ուղին անըսկիզբ՝ անվախճանվող մինչ հիմա,
Մենք ենք ընկերքն այս գետի՝ քո թիկունքում, քո դիմաց –
Ես քայլեցի նրանց մեջ… ու չըտեսա ես նրանց,
Շիրմատներ էին, հեհ, ինձնից առաջ, իմ առաջ.
Շիրմատներ էին հեհ, ուր ստվերները ներհուն
Երազն էին խնկարկում պակա՛ս մենակ լինելու,
Ու կանչեցի ես նրանց՝ չարյունոտված այս հողով ստվերներիդ այդ մոլոր
իմ ծարավի մեջ գոյող.
Անարձագանք եռաձայն խելագարվող իմ նրանք,
Որ ապրեցին հազար մահ ու մահացան մեն-մի կյանք,
Խարխափելով ցողի մեջ քայլում էին գլխաբաց
Որպես երեք առասպել՝ իրա՛ր, իրա՛ր նվիրած.
-Մենք ենք՝ այլոց մեղքի դեմ հավերժ մեխված սա տեղին,
եւ սա սրտերն են մեր տաք՝ ցրիվ եկած մայթերին-
Ես բախվեցի նրանց հետ… ու չըտեսա ես նրանց
Վերմարդիկներ էին, հեհ, ի խույզ երկինք սեւեռված,
Եւ երակից բարձրացող կարմիր մշուխ էր աղոտ,
որ իմ անզոր ռունգերին մատուցանվեց որպես օդ։
Արեւելքի եդեմում սոսկ գիշերն էր հուսակիր,
Ու կանչեցի ես նրան՝ իբրեւ միա՜կ կողակից,
Բայց խավարի մեջ նյութեղ, զնդաններում եռանիստ ոչ մի, ոչ մի հեռացորդ
ինձ չըբերեց սպեղանի,
Մանկավրեպ ուշացած լուսնաժըպիտ միայն նա՛ հոգեկանչվեց իմ ծեսին
ու չըզորեց կայանալ.
-Ես եմ հակված սընարիդ եղերամայր խառնածամ,
Որ արտասվում եմ անձայն, ու արտասվող՝ միայն կամ-
Ես ծաղկեցի նրա դեմ… ու չըտեսա ես նրան,
Միայն տեսիլք էր ու տենդ, միայն պատրանք էր ու ձայն,
Ապա՝ խարույկ էր ու բոց,
Եւ երկինքներն՝ արդեն բաց,
Եւ իմ պատկերը՝ արդեն հրացոլքի մեջ բեկված։
Հետո՝ ուրախ։ Կամ՝ տխուր։ Հետո՝ արդեն իսկ միակ կյանքն իմ ապրեց ինձ որպես
Հավերժության նախօրյակ,
Ամեն ինչ նույնը մնաց, սոսկ միեւնույնը դարձավ,
Շամանդաղվեց ու դաղեց, ճերմակեցի,
Վերջացավ.
-Մենք ենք ուղին անըսկիզբ՝ հավերժ մեխված սա տեղին,
Որ արտասվում ենք անձայն՝ ցրիվ եկած մայթերին-
Ես ապրեցի սրանց մեջ, ու չըտեսա ես նըրանց՝
Շիրմատներ էին, հեհ, իմ պատկերին սեւեռված։
LACRIMOSA
Կապտակապույտ ծովում անինքնաբավ լույսի
իմ օրերն են լողում եւ օրերը այլոց.
ալիքներից ներքեւ` նիրհը տասներկուսի,
ալիքներից վերեւ` ես` վերջինը քայլող։
Բայց հող չճանաչած իմ ոտքերի առաջ
Քամիները` պոկված ապագայի եզրից
փռում են ջրերին տեսիլախառն ավազ,
ու զարկում աչքերիս ավազախառն տեսիլ,
իսկ ինձ արդեն թարթել չի կարելի, ավաղ,
եւ աչքերս ծածկել չի կարելի ափով,
եւ ամեն մի աստծո ամեն մի լուսաբաց
դաջում է բիբերիս.
թափոր
թափոր
թափոր,
Եւ ամեն մի երազ` նիրհել ջրերից ներս,
Ալյաց քամահրանքով շպրտվում է երկինք©
– Ինձ մի՛ տարեք այնտեղ, որտեղ մեռնում եմ ես,
– Ինձ մի՛ տարեք այնտեղ, որտեղ գտնում եմ ինձ,
Տարածությունն արդեն սահմաններ է գտել,
եւ օրով է չափվում տոնը ժամանակի,
ե՞րբ են չըպայթելու քարաձնավներն ըստերջ
եւ չըծառանալու ջրերը սաղմնակիր
մինչ թափորն իջնում է սանդուղքով աստղերի
որպես բանակ` պարտված մերձավորի դավով,
երկնահըմա, սակայն` արդեն վարժվա՛ծ դերին.
անպարունակ
անկման
հավերժական նավորդ
Եւ սեփական արյուն տեսածի պես նվաստ,
եւ մարմնի՛ միայն ջերմությանը հաղորդ,
եթե մտնի պիտի ապագայի դրախտ,
ապա` որպես դիակ եւ կամ հուղարկավոր։
Այսպես։
Իջման մոլուցք,
Իսկ ներքեւում`փակ դուռ։
Եւ դեռ չներվելու ժամանակ ինքնակեզ,
Եւ ամենայն լուսեղ ինձնից ելնում է դուրս,
Ճերմակ թղթի
եզրով
կաթկթում է
ներքեւ։
AGNUS DEUM
Տա՜ր ամենայն լուսեղ, վերադարձրու նըրան,
Ու հաղորդիր՝ Ոչինչ, ես կմնամ այստեղ,
Հող ու ջրի միջեւ, պարզ ձյուների վըրա
Մոլորվեց իմ հոգին, ես կմնամ այստեղ,
Մակաղակված ներսում՝ եռանշան Լուսին,
Չդանադղող մի լույս,
ու սրնթաց մի ձայն,
Ու ակամա մի կյանք, որտեղ ձայնը լույսից
ետ է մնում կրկին, ես կմնամ այստեղ։
Դեւ ու չարքերի մեջ մենք փնտրեցինք միայն
դրախտային Այգին – ե՛ւս մի առասպել,
Բայց այսօրիկ փոշում խառնըվեցին իրար
տիեզերք ու երկինք։ Ես կմնամ այստեղ։
Այսօրիկյա փոշում մի ընդմիշտ քմծիծաղ
Բաժանում է արդեն քեզ այս վերջնաշխարհից,
Ու անելիք այստեղ արդեն չունես, ավաղ,
Գնա՜ անվերադարձ, անղեկ ու անխարիսխ…
Անկորցնելիդ իմ գորշ, միակ իմ միասին,
Տար ամենայն լուսեղ եւ հաղորդիր նըրան,
Որ երբ ձայնը դանդան հավասարվի լույսին։
Իմ սեփական այգո՛վ ես կմտնեմ դըրախտ։
VOCA ME
Ինձ կիսող պատի երկու կողմերում
ոչ ոք չմնաց արդեն կենդանի,
Եվ օրացույցի ներհակ զնդանից
չկամությամբ են օրերը ելնում։
Եվ օրացույցի ներփակ շրջանից
դեւ ու ջրահարս, չարք ու բարեկամ
ելնում են դանդաղ նույն չկամությամբ
ու ինձ հեզանազ հրաժեշտ տալիս։
Հողեղեն գոյի ցուցափեղկերից
մանեկեններ են լալիս ժպտադեմ
մի ձեռքում՝ սառույց, մյուսում՝ կավիճ,
ու կատարյալ է անցյալը արդեն։
Իսկ հարակատար ներկայում ահա,
ուր հողագունդը լավ չի երեւում,
Քեզ եմ սպասում ես շունչս պահած։
Տաք կհագնվես. ցուրտ է վերեւում։
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի