Հայաստանում միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2-ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներով: Այնուհետև յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին լինելու են միասնական քննությունների օրեր:
Առաջին հիմնական փուլի քննական գործընթացն ավարտվելու է հունիսի 23-ին Ռուսաց լեզու առարկայով: Այս մասին նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:
«Միասնական քննությունների համար հանրապետությունում գործում է 29 քննական կենտրոն, 20-ը մարզերում, 9-ը` Երևանում: Հինգ քննական կենտրոն էլ գործում է Արցախում: Այս պահին իրականացվում է կենտրոնների կահավորման գործընթացը, տեղադրվում են տեսախցիկներ, խլացուցիչ սարքեր, հեռուստացույցեր: Ծնողները հնարավորություն կունենան հետևելու ընթացքին: Քննական թեստերը տպագրված, փաթեթավորված են և մայիսի 23-ին ամբողջ խմբաքանակը Լոնդոնից կտեղափոխվի Հայաստան, որը «Հայինկասացիա»-ի մեքենաների միջոցով կբաշխվի բանկային մասնաճյուղերում»,- ասաց Արա Իսպիրյանը:
Քննական կենտրոնի ղեկավարները քննական թեստերը միայն քննության օրն առավոտյան ժամը 07:30-ից կարող են բանկի համապատասխան մասնաճյուղից ստանալ քննական արկղով և իրականացնել գործընթացը: