«Ամենամեծ հարցը, որ մենք առաջ ենք քաշում նախարարի դիմաց դեռ անցած տարվանից, հասարակական խորհուրդ ստեղծելն է»,- այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի վերանշանակման մասին՝ ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Տիգրան Հովհանիսյանի խոսքով՝ արդեն օրենքով ամրագրված է, որ նախարարները կից խորհրդատուներ պետք է ունենան, հասարակական կազմակերպությունների միջամտությամբ ստեղծեն խորհուրդ։
«Ոչ թե միայն չինովնիկական խաղով քննարկեն խնդիրները և օրենքներ գրեն, այլ հաշվի առնեն նաև մեր գաղափարները և մտահղացումները։
Բայց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն առ այսօր հասարակական խորհուրդ չի ստեղծում։ Բոլոր նախարություններն էլ ունեն հասարակական խորհուրդներ։ Կանչում են մարդկանց, քննարկում իրենց ոլորտի խնդիրները։ Մենք փողոցում շատ ենք առնչվում այդ խնդիրներին, և մեր առաջարկները նրանք պիտի գրի առնեն, որ օրենսդիր մարմինն օրենք կազմի»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։
Լիգայի նախագահի խոսքով՝ 8 ամիս է՝ նախարարը չի ստեղծում խորհուրդը, խուսափում է.
«Եթե նախարարը հիմա խուսափում է, բա ես ինչո՞ւ իր հրաժարականը չպահանջեմ։ Երևի գիտակցում է, որ տրանսպորտի ոլորտը թողնելու ենք, անցնենք Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը, ասենք՝ ամոթ ա, տուրիստների մոտ խայտառակվում ենք, ասֆալտապատե́ք Դիլիջան-Իջևան ճանապարհը։ Այսինքն՝ մենք ըմբոստացած մարդիկ ենք, որոնց չեն ուզում մոտ թողնել այդ խնդիրներին»։
Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց նաև, որ իրենք մի քանի անգամ հանդիպել են նախարարին. «Ամեն անգամ փափուկ բարձ է դնում գլխներիս տակ։ Էս անգամ էլ ասում ա՝ խորհուրդը չենք ստեղծելու, գնացե́ք Տրանսպորտի վարչության պետի հետ շփվեք։ Վարչության պետն էլ Գասպարյան Կարենն ա, ոստիկանապետի ախպերն ա, մեր հետ խոսելուց ասում ա՝ ես կոնդեցի, երևանցի, ճիշտ, լավ տղա եմ։ Մենք որոշել ենք ոլորտը կարգավորե՞նք ոստիկանապետի գողական ախպոր հետ»։
Հարցին, թե իրենց դիմում-բողոքը միայն բանավո՞ր են ներկայացրել, նա պատասխանեց. «2 տարի է՝ գրավոր դիմում եմ իրենց։ Երեկ վերահսկողության ընդհանուր բաժնի պետն ասում է՝ գրավոր դիմե՞լ եք, ասում եմ՝ ամոթ չի՞, շաբաթը մի հատ գրություն եմ ուղարկում, պատասխան գոյություն չունի։ Եթե պատասխանում էլ են, ապա այսպես. «Հաշվի կառնենք ձեր մտահղացումները»»։
Ամփոփելով հանդիպումը և ներկայացնելով «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» տաքսու վարորդների պահանջը՝ Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Մեր պահանջն է, որ ինքը հրաժարական տա, քանի որ չի ստեղծել հասարակական խորհուրդ։ Իսկ եթե նախարարը ստեղծի, ասեմ՝ մենք կհաշտվենք»։
Բանախոսը դիմելով Հայաստանի բոլոր տաքսու վարորդներին՝ ասաց. «Միացե́ք իմ կոչին՝ նախարարի հրաժարականին»։
Ռոզա Հակոբյան