Գյումրու «Երեխաների տանը» տեղադրված «Արփի Սոլար» արևային համակարգերը կխնայեն տարեկան ավելի քան 4 միլիոն դրամ
Advertisement 1000 x 90

Գյումրու «Երեխաների տանը» տեղադրված «Արփի Սոլար» արևային համակարգերը կխնայեն տարեկան ավելի քան 4 միլիոն դրամ

Գյումրիում մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը, որը նպատակաուղղված է արևային էներգիայի միջոցով կրճատելու հաստատության էներգետիկ ծախսերն ու խնայած գումարը ներդնելու կրթական ու զարգացման ծրագրերի մեջ:

Արդյունքում՝ «Երեխաների տանը» ներդրվել են մինչև 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող «Արփի Սոլար» արևային ջրատաքացման ու ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն անվճար տաք ջրով և էլեկտրաէներգիայով` տարեկան խնայելով ավելի քան 4 միլիոն դրամ։

Ծրագրի նպատակն է՝ մասսայականացնել արևային էներգիայի օգտագործումը` ապահովելով խնայողություն, բնապահպանություն և անվտանգություն, իսկ խնայած միջոցները ներդնել կրթական ու զարգացման ծրագրերի մեջ:

«Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանը նշում է, որ սա ոչ միայն ուղղակի խնայողություն է այս հաստատության համար, այլև մեր երկրի անվտանգությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կարևոր նախաձեռնություն:

«Այն մեր հայրենիքն ու աշխարհն ավելի լավը, ավելի անվտանգ դարձնելու ծրագիր է, որով պետք է վարակել ողջ հասարակությանը, մանավանդ, կան բոլոր գործիքները, որոնք հասանելի են դարձնում արևի էներգիան բոլորի համար։ Յուրաքանչյուրը կարող է միանալ ծրագրին, և մենք կառաջարկենք խնայողության և զարգացման մոդել հենց այդ հաստատության համար»,- նշում է Հասմիկ Բարսեղյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ այս միջոցառման ամենամեծ արժեքը համագործակցությունն է՝ մեկ գաղափարի շուրջ մի շարք կազմակերպությունների համախմբումը: Իրենց նպատակն է՝ նմանատիպ ծրագրերով խթանել տեխնոլոգիական կրթությունն ու ունենալ շատ ավելի ուժեղ երկիր։

«Հատկապես վերջին տարիներին մենք մեծ ջանքեր ենք գործադրում ամբողջ Հայաստանում այս ներուժի զարգացման ուղղությամբ, և պետք է ասեմ, որ արդյունքները գերազանցում են մեր ակնկալիքները, քանի որ մեր երեխաները շատ տաղանդավոր են»,- ասաց Հ. Չոբանյանը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգանավոր Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ծրագիրն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները և գյումրեցիներ։

Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության կողմից` «Ֆիլիպ Մորիս» ընկերության ֆինանսավորմամբ և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» ու «Արփի Սոլար» արևային էներգիայի համակարգերի ընկերության հետ համագործակցությամբ։ Այն կշարունակվի Գյումրիում ևս 5 սոցիալական-կրթական ու մշակութային հաստատություններում արևային համակարգերի ներդրմամբ:

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր