Օրեր առաջ ներկայացրել էինք նամակ ու տեսանյութ, որը հասարակական բուռն քննարկման թեմա դարձավ:
Խոսքը blognews.am-ի կողմից ներկայացրած «Շանթ» հ/ը «Դիրքերում» հաղորդաշարի այն հաղորդման մասին է, որը պատմում էր առաջնագծում վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանի ինքնասպանության փորձի մասին՝ տեսանյութի ու օպերատորի՝ անձնական կյանքի անհայտ մանրամասներին վերաբերող ինֆորմացիայի մասին։
Այսօր նույն այդ քաղաքացին կապ է հաստատել blognews.am-ի հետ, բայց ելնելով նախորդ հրապարակմանը հետևած ոչ միանշանակ արձագանքներից՝ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը։
Նամակն ու նրան կից տեսանյութը ներկայացվում է առանց խմբագրական միջամտության.
«Իմ նախորդ նամակին Ֆեյսբուքը շատ բուռն արձագանքեց, ու պիտի խոստովանեմ, որ կարդալով քննարկումները՝ հասկացա, որ մարդիկ ուղղակի չեն հավատում, որ Դավիթի իրական դեմքն այլ է: Մեղադրանքներ լսեցի իմ հասցեին, անգամ վիրավորական գրառումներ: Մարդիկ ասում էին, թե զրպարտություն է այդ ամենը: Այսօր տեսա «Կիսաբաց լուսամուտների» երկուշաբթի օրվա եթերի անոնսը: Ու չնայած հերոսները դիմակով են և անուններն էլ փոխված, կարծում եմ՝ դժվար չէ ճանաչել եթե ոչ Մարալի, ապա, հաստատ, Դավիթի ձայնն ու կազմվածքը: Իմացա նաև, որ Մարալը կրկին որոշել է միավորվել ամուսնու հետ։ Դա նրա որոշումն է ու նրա պատասխանատվությունը, Աստված նրան օգնական։ Հուսով եմ՝ հետևություններ արվել են, բայց չեմ հավատում։ Նամակս էլ ավելի շատ ուղղված է նրանց, ովքեր առանց ճանաչելու ինձ թուք ու մուր տվեցին, երբ բարձրաձայնեցի խնդրի մասին։ Դե հիմա նայե՛ք ու համոզվե՛ք, որ բարձրաձայնելով խնդիրը՝ ոչ ոքի չեմ զրպարտել ու ոչինչ չեմ չափազանցրել»:
Նամակն ու հաղորդման անոնսը հրապարակելուց առաջ մենք կրկին կապ հաստատեցինք «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հետ, ով այս անգամ ևս հրաժարվեց որևէ պարզաբանում տալ, իսկ մեր՝ «իսկապե՞ս անոնսի հաղորդումը կապ ունի Դավիթ Աթոյանի հետ» հարցին Հրաչ Մուրադյանն այսպես պատասխանեց. «Քանի որ անոնսում արդեն տեսել եք, որ հերոսները դիմակով են, նշանակում է, որ պետք է հասկանալ՝ նրանց մասին այլ ինֆորմացիա, բացի եթերում հրապարակման ենթակա ինֆորմացիայից, ես ուղղակի իրավունք չունեմ տրամադրելու ոչ մեկին՝ ո՛չ հերքում, ո՛չ հատատում։ Նման իրավիճակներում մենք պարզապես հրաժարվում ենք որևէ մեկնաբանություն անելուց»: