Արմեն Պետրոսյանի Facebook-յան գրառումը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում իրավիճակը կտրուկ սրվել է Սիրիայի հարավում և հարավ-արևելքում՝ Հորդանանին ու Իրաքին սահմանակից շրջաններում: Բանն այն է, որ և՛ սիրիական կառավարական ուժերն ու նրանց ցամաքային դաշնակիցները, և՛ ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր որոշ կառույցներ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը սիրիա-հորդանանյան սահմանի մերձակայքում՝ հետագայում դեպի արևելք՝ Իրաքին սահմանակից Դեր Զոր շարժվելու նպատակով՝ այդ նահանգի ածխաջրածնային հանածոներով հարուստ շրջաններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու հեռանկարով: Ի դեպ, ռազմավարական առումով ալ-Սուեյդայում ամրանալը թիկունքային կարևոր նշանակություն ունի նախ վերոնշյալ ուղղությամբ շարժվելու, ապա՝ Սիրիայում ռուսական կողմի առաջարկով դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու ծրագրի կենսագործմանն ընդառաջ. 4 գոտիներից մեկը՝ հարավայինը, ընդգրկելու է Սիրիայի հարավը՝ ալ-Սուեյդային սահմանակից Դարաա և ալ-Կունայտրա նահանգները:
Այս շրջանում ընթացող ռազմագործողությունների կարևորությունն ըմբռնելու համար հարկ է հիշեցնել, որ Սիրիայի, Հորդանանի և Իրաք սահմանների մերձակայքում գտնվող ալ-Թանֆ անցակետի և ռազմաբազայի ուղղությամբ շարժվող սիրիական բանակային ստորաբաժանումների, նրանց աջակցող իրանական հովանավորյալ «Քաթաիբ Իմամ Ալի» և լիբանանյան «Հիզբալլահ» խմբավորումների առաջխաղացումը կանխելու նպատակով մայիսի 18-ին ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոլիցիան (հիմնականում ամերիկյան և հորդանանյան օդուժը) օդային հարվածներ էր հասցրել նրանց ռազմական ավտոշարասյուններին. դրանց հետևանքով կառավարամետ ուժերը կրել են էական մարդկային և ռազմատեխնիկական կորուստներ(որոշ ընդդիմադիր աղբյուրների տվյալներով՝5 տանկ,10 ռազմական մեքենա, շուրջ 5 տասնյակ զինծառայող, իսկ սիրիական կառավարամետ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2 տանկ, 6 զինծառայող):
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է նշել, որ այս ուղղությամբ սիրիական կառավարամետ ուժերի և նրանց դաշնակիցների առաջխաղացումը որոշակիորեն խախտում է սիրիական հակամարտության առնչությամբ արտաքին դերակատարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կառավարական ուժերի և չափավոր ընդդիմադիրների միջև բախումները կանխելու տեսանկյունից: Այս համատեքստում, ընդունելի տրամաբանության մեջ է նաև կոալիցիոն օդուժի կանխիչ ռազմագործողությունը(արդեն երկրորդն այս տարվա ընթացքում) և դրա փաստացի հիմնավորումն առ այն, որ նշված ուղղությամբ սիրիական բանակի առաջխաղցումը սպառնալիք է առաջացնում նաև ԱՄՆ-ի շահերին: Հարկ է նշել, որ այդ շրջանում գործող «Նոր սիրիական բանակ» ընդդիմադիր կառույցի տարաբնույթ խմբավորումների կազմում գործում են նաև ամերիկացի և բրիտանացի հատուկջոկատայիններ: Սա է պատճառը, որ, ըստ որոշ աղբյուրների, ռուսական կողմը նախազգուշացրել է Դամասկոսին՝ այս ուղղությամբ շարժվելու պարագայում նման զարգացումների հնարավորության մասին, չնայած որ պաշտոնական Մոսկվան մի քանի մակարդակում քննադատեց կոալիցիոն հարվածները:
Ինչ վերաբերում է կոալիցիոն օդուժի ռազմագործողությանը, ապա, կարելի է նշել, որ Սիրիայում և նրա շուրջ ձևավորված իրողությունների պայմաններում այն բավարար չափով հիմնավորված է, իրավաչափ է և ուղղված է բացառապես սիրիական բանակի ու նրա դաշնակիցների նախահարձակ գործողությունների դեմ՝ որևէ կերպ չխախտելով դեէսկալացիոն գոտիների վերաբերյալ նաև ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ կոալիցիոն օդուժի կանխիչ ռազմագործողությունից հետո անգամ կառավարական ուժերը չեն պատրաստվում հրաժարվել հարավային ուղղությամբ գրոհից և, ըստ որոշ տվյալների, նոր առավել մասշտաբային հարձակում են նախապատրաստում ալ-Թանֆ շրջանի ուղղությամբ: Բացի այդ, նաև տեղեկատվություն է տարածվել առ այն, որ ալ-Սուեյդայում լարվածության թուլացման և առվել մասշտաբային բախումները կանխելու նպատակով շրջան են տեղափոխվել նաև ռուսական օդատիեզերական ուժերի որոշ ցամաքային ստորաբաժանումներ: