Եթե մեղադրանքը հաստատվի, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է հուլիսի 19-ին` Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում բարձրախոսով ոստիկանության ավտոմեքենան կոտրելու կոչեր հնչեցնելու մեջ, ինչից հետո ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ոտքերով, ձեռքերով և այլ առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենային՝ պատճառելով 216.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գործով անցնող 5 վկաներն էլ ոստիկաններ են, իսկ ոստիկանությունը ճանաչվել է տուժող:
«Ըստ էության՝ գործով անցնող բոլոր վկաները կախվածության մեջ են գտնվում գործի ելքով շահագրգռված կողմից»,- ավելացրեց պաշտպան Զորայր Հարությունյանը:
Իր նկատմամբ մեղադրանք առաջադրելը Անի Զախարյանը կապում է իր քաղաքական գործունեության հետ. «Եթե լուրջ քաղաքական գործընթացների գնայի, հաստատ մոբիլիզացիա տեղի կունենար, և լուրջ քաղաքական գործընթացների հիմք կարող էր հանդիսանալ: Ես բավականին երկար ժամանակ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունն եմ պահանջում՝ հակաիրավական, մասսայական երևույթների հետ կապված»,- ավելացրեց նա:
Գործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Հունիսի 2-ին մեղադրողը հանդես կգա ճառով:
Ամբողջությամբ՝ a1plus.am