Երևանում բացվել է գիտության առաջին ինտերակտիվ թանգարանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում բացվել է գիտության առաջին ինտերակտիվ թանգարանը

Այս շաբաթը նշանավորվեց նրանով, որ սեպտեմբերի 14-ին Երևանում բացվեց «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանը՝ նախատեսված 7 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար: Թանգարանն իր նշանակությամբ ու գործառույթներով բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Դուրս գալով թանգարանային գործունեության ավանդական պատկերացումներից՝ թանգարանը գործում է որպես ինտերակտիվ միջավայր, որի նպատակն է խաղի միջոցով երեխաների մեջ բնագիտական առարկաների հանդեպ սեր արթնացնել: ArmScoop-ը ևս ներկա է եղել թանգարանի բացմանը և ներկայացնում է ամենահետաքրքիր դրվագները:

12

13

Թանգարանում ներկայացված է քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող մոտ 25 ցուցանմուշ: Այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն դիտելու, այլև դիպչելու և անգամ անմիջականորեն փորձարկելու կիրառական բնույթի գիտական պարագաները՝ այդպիսով ինտերակտիվ շփման միջոցով ծանոթանալով և ավելի լավ ընկալելով բնագիտության զարմանահրաշ աշխարհը, հասկանալով գիտական օրենքները:

dsc09034

«Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության հիմնադիր տնօրեն Մարինա Գրիգորյանը նշեց, որ արդեն 2 տարի է՝ ինչ «Փոքրիկ Էյնշտեյնը» գործունեություն է ծավալում: Ի սկզբանե կազմակերպվել են ինտերակտիվ, ճանաչողական շոու ծրագրեր, այնուհետև ստեղծվել են գիտական ակումբներ, որտեղ երեխաները գիտափորձերի միջոցով ծանոթանում էին գիտության այս կամ այն երևույթին: Իսկ հայ երեխաների համար գիտությունն էլ ավելի մատչելի դարձնելու համար նախաձեռնության հեղինակների կողմից արտադրվել են հայալեզու գիտական խաղերի հավաքածուներ, և ներկայում այդ ամենը մեկտեղված է մեկ թանգարանում:

dsc09109

Գիտության թանգարանը գտնվում է Կոմիտաս 40/2 հասցեում: Աշխատանքային օրերին թանգարանը բաց է ժամը 13:00-ից մինչև 20:00-ն,  իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից մինչև 21:00-ն: