Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի կամ ինչպես առավել հայտնի է Դոն Պիպոյի նախապատրաստվող սպանության մասին Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեր տեղեկությունների՝ իրականում, նախապատրաստվել է միայն Դոն Պիպոյի սպանությունը, և այն տեղեկությունները, որ մտադիր են եղել սպանել նաև մեկ այլ հեղինակություն՝ Վստերչի Ապերին, իրականությանը չեն համապատասխանում:
Aysor.am-ի աղբյուրը հաղորդում է նաև, որ սպանությունը նախապատրաստող խմբին առաջինը բացահայտել են հենց Դոն Պիպոյի կողմնակիցները, և միայն դրանից հետո այդ գործով զբաղվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը:
Երեկ երեկոյան ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրեց՝ տեղեկություն են ստացել այն մասին, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր, զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության ծառայողները խափանել են սպասվող ծանր հանցագործությունը, կանխել հանցավոր ծրագիրը, վնասազերծել ու ոստիկանության ՔՀԳՎ բերման ենթարկել երեք անձանց։
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։
Այսօր արդեն Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՔԿ Հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։
Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։
ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ «սպանության նախապատրաստություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից» և 235-րդ հոդվածի 2-ի մասի հատկանիշներով՝ «ապօրինի զենք պահելը» հարուցված քրեական գործով նախաքննությունը ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն քննության այս փուլում չի հրապարակում իրավապահների կողմից բերման ենթարկված երեք անձանց անունները: