Հայաստանում այսօր նշվում է Վերջին զանգը։ Հազարավոր շրջանավարտներ հրաժեշտ են տալիս հարազատ դպրոցին ու թևակոխում կյանքի նոր փուլ։ Այս տարվա շրջանավարտների շարքերում է նաև «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը` պատանի երգչուհի, դերասանուհի Մեգին։ Նա ավարտում է միջին դպրոցը։
Tert.am Life–ի հետ զրույցում Մեգին ասել է, որ շատ հուզված է, իրարամերժ զգացողություններ ունի։ «Համ ուրախ եմ, համ հուզված։ Չգիտեմ` որ զգացողությունն է գերակշռում, բայց շատ տխուր եմ, որ բաժանվում եմ ընկերներիցս։ Շատ տխուր»,– նշեց Մեգին։
Առավոտյան նրանք դպրոցում են տոնել Վերջին զանգը, իսկ երեկոն կանցկացնեն Ազատության հրապարակում, որտեղ համերգ է կազմակերպված տոնի առթիվ։ Վաղը Մեգին դասընկերների հետ կգնա կարաոկե–ակումբ, որից հետո կսկսեն պատրաստվել ավարտական քննություններին։
Երգչուհին վերջնականապես չի կողմնորոշվել` որտեղ է շարունակելու ուսումը, տատանվում է Թատերական ինստիտուտի և Ֆրանսիական համալսարանի ավագ դպրոցների միջև։