ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը շնորհակալական ուղերձ է հղել համապետական շաբաթօրյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, նախարարի պաշտոնակատարը հայտնում է, որ բազմաթիվ առաջարկների հիման վրա, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախատեսում է նույնպիսի մասշտաբային միջո ցառում իրականացնել ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:
«Ավարտին է մոտենում «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի առաջին փուլը: Շնորհակալություն եմ հայտնում շաբաթօրյակին մասնակցած ավելի քան 200.000 մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ և արժանապատիվ աշխատանքով մեծ ներդրում ունեցան «Մաքուր Հայաստան»-ի գաղափարի տարածման մեջ: Մեծ էր նաև հանրապետական գործադիր մարմինների, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների դերը` շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում: ՀՀ մարզերի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպություններն իրենց համակարգված աշխատանքով իսկապես կարողացան լավ արդյունք գրանցել»,- նշվում է ուղերձում: