Երեխաների պաշտպանության օրը կնշվի դասական երաժշտության համերգով
Advertisement 1000 x 90

Երեխաների պաշտպանության օրը կնշվի դասական երաժշտության համերգով

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում փոքրիկներին կներկայացվի «7» նախագիծ-համերգային ծրագիրը: Համերգ-շոուի ընթացքում հանդիսատեսը ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ծրագրի նախաձեռնողներ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

«7» նախագիծը միտված է դասական երաժշտությունը փոքրիկներին ու մեծերին խաղի տեսքով ներկայացնելուն: Ներկայացվելու են հայտնի դասական ստեղծագործություններ: Համերգն ինտերակտիվ է. փոքրիկ հանդիսատեսին խաղի տեսքով կսովորեցնենք շաբաթվա օրերը, գույները և այլն»,- նշեց Ավետ Բարսեղյանը:

Նա հավելեց, որ համերգի խորագիրը խորհրդանշական է, քանի որ Աստված աշխարհը արարել է յոթ օրում, գույները յոթն են, շաբաթվա օրերը յոթն են: Ելնելով ծրագրի վերնագրից` նախաձեռնողները հորինել են դասական երաժշտության հանդեպ գործված յոթ մեղք` համերգի ընթացքում բջջային հեռախոսի ձայնը միացնելը, մաստակ ծամելը և այլն: Կազմակերպիչները ցանկանում են, որ երեխաները հետագայում չգործեն այդ մեղքերը:

Ավետ Բարսեղյանը շեշտեց, որ դասական երաժշտությունը միշտ բարձունքում կլինի, սակայն նոր մոտեցումներ են պետք այն երեխաներին ընկալելի և հասանելի ներկայացնելու համար:

Սերգեյ Սմբատյանի խոսքով` իրենք փորձում են ստեղծել ձևաչափ, որը հետաքրքիր կլինի երեխաների և մեծահասակների համար: «Կլինեն բազմաթիվ անակնկալներ, որոնց մասին անգամ ես տեղյակ չեմ: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար իսկապես հետաքրքիր է այս նախագիծը»,- ասաց նա:

Հանդիպման ավարտին ներկաների համար երգեցին թիվ 12 մանկապարտեզի սաները:

Դասական երաժշտության համերգին կներկայացվեն աշխարհի 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն։ Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։

Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ:

Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 



Նման նյութեր