Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստում լրագրող Մհեր Ղալեչյանն արդարացվեց: Արդարացվեց նաև նույն գործով Մհեր Ղալեչյանի կնոջ՝ Գայանե Խաչատրյանին մարմնական վնասվածքներ պատճառած Վարդան Հովնիկյանը:
Հիշեցնենք, որ հարևանների միջև անհաշտությունը ծագել էր հողային վեճի արդյունքում, երբ Հովնիկյանը փորձել է խարդախությամբ սեփականաշնորհել Խաչատրյաններին պատկանող հողատարծքը: Այնուհետև հարևանների միջև վիճաբանություններ են սկսվել:
Հովնիկյանը մյուս հարևանների հետ նույնպես նմանատիպ խնդիրներ է ունեցել: Վեճերից մեկի ժամանակ Վարդան Հովնիկյանը ոտքով հարվածել է լրագրողների տան դռանը, որտեղ կանգնած է եղել Գայանե Խաչատրյանը, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել: Այս միջադեպի հիման վրա հարուցված քրեական գործը մտել է դատարան: Այսօր դատախազը պահանջեց պատժել Վարդան Հովնիկյանին և նրա նկատմամբ կիրառել 100 հազար դրամ տույժ:
Նույն գործի շրջանակներում քննվեց նաև Վարդան Հովնիկյանի դստեր՝ Մարիամ Հովնիկյանի բողոքը, իբր թե Գայանե Խաչատրյանի ամուսինը՝ Մհեր Ղալեչյանը այդ միջադեպի ժամանակ կոտրել է իր հեռախոսը:
Այսօրվա նիստի ժամանակ Մհեր Ղալեչյանն իր ելույթում ասաց, որ նման բան չի եղել և չէր կարող լինել, քանի որ ինքը ոչ հեռախոս է տեսել, ոչ էլ այն կոտրել է:
«Դատախազն իր ճառում իմ մեղադրական միակ հանագմանքը համարեց այն, որ դատափորձագիտական եզրակացությամբ 34 000 դրամի վնաս է հասցվել հեռախոսին: Դա իմ մեղքն ապացուցող հանգամանք չի: Բայց, այն մասին թե ես եմ արդյոք այդ հեռախոսը ջարդել, այդ մասին ո՛չ նախաքննությունում, ո՛չ այստեղ որևէ խոսք, որևէ հիմնավորող ապացույց ես չեմ լսել»,- ասաց Մհեր Ղալեչյանը:
Նա նաև նշեց, որ նույնիսկ մատնահետքաբանական հետազոտություն չի արվել, որպեսզի հեռախոսի վրա գոնե գտնեին իր մատնահետքերը, դեպքի վայրում զննություն չի կատարվել, վկաների չեն հարցաքննել: Նա նշեց, որ այս ամենն ընդամենը հիմնված է Մարիամ Հովնիկյանի սուտ ցուցմունքների հիման վրա: Իսկ նախաքննությունն ու դատախազն աշխատել են փնթի ու թերի: