«Աջ ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ որևէ նախաձեռնություն չկա»
Advertisement 1000 x 90

«Աջ ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ որևէ նախաձեռնություն չկա»

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների մոտալուտ արգելքի մասին երեկ տարածված լուրերն անհանգստացրել են վարորդների մի հոծ զանգվածի։ Վերջին տարիներին Հայաստանում զգալի ավելացել է աջ ղեկով ավտոմեքենաների քանակը, քանի որ դրանք հիմնականում բավականին մատչելի գնով ներկրվում են Ճապոնիայից։

Araratnews կայքն իր անանուն աղբյուրին հղում անելով՝ գրել էր, որ աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները շուտով կարգելվեն, դրա մասին ծրագիրը մշակվում է կառավարությունում, տրվելու է որոշակի ժամկետ՝ ղեկը ձախակողմյան փոխելու համար։ Իսկ որպես այս փոփոխության պատճառ՝ նշվել էր, թե շատ է նման մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը:

Ճիշտ է, Հայաստանում երթևեկությունը ձախակողմյան է, և ընդունված է, որ ղեկն էլ պետք է մեքենայի ձախ կողմում լինի։ Սակայն աջակողմյան կառավարմամբ մեքենաների շատ վարորդներ պնդում են, որ միայն վազանց կատարելու դեպքում կարող է որոշակի անհարմարություն ծագել, թեև ներկայիս տեխնիկական առաջընթացն այդ խնդրին էլ է լուծում տվել՝ փոքրիկ տեսախցիկների կամ հայելիների միջոցով։ Իսկ մնացած շատ հարցերում աջակողմյան ղեկն ավելի հարմար է։

168.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել ՀՀ ոստիկանությունից, սակայն պարզվեց, որ այնտեղ նույնպես զարմացած են այս լուրից։ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ նման նախաձեռնություն Ոստիկանությունում չկա, չկա նաև առանձին վիճակագրություն, թե վթարների ո՞ր մասի պատճառն է աջ ղեկը։

Կառավարությունում ևս այս նախաձեռնությունից տեղյակ չեն։ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հռիփսիմե Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում։

«Այդպիսի առաջարկ, նախաձեռնություն կառավարություն չի եկել, և այդպիսի հարց այս փուլում չի քննարկվում»,- ասաց նա։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ