ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հանրային կապերի վարչությունը հանդես է եկել Ադրբեջանում երեխաների շրջանում հայատյացության քարոզչության դրսևորումները հավաքելու և դրանք միջազգային հանրությանը ներկայացնելու նախաձեռնությամբ: Հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան ներկայացրեց նոր հրատարակված “Azerbaijan.. childhood in hate” խորագրով ամսագիրը, որում զետեղված են Azerichild.info նախագծի նյութերը: «Նախագիծը ներկայացնում ենք երկու լեզուներով` ռուսերեն և անգլերեն: Մենք հավաքել ենք ադրբեջանական հեքիաթներ, մանկական գրականություն, մանկական խաղեր և բանաստեղծություններ և երեխաներին վերաբերող և մանկական թեմատիկայով նյութեր, որոնցում բացասական հերոսների դերում ներկայացվում են հայերը: Նրանք հայի «բացասական», «նենգ», «արնախում» կերպարի շուրջ կառուցում են դաստիարակչական ողջ պրոցեսը մանկական գրականության մեջ: Այսօր լույս է տեսել մեր ամսագիրը, որտեղ ամփոփ ներկայացնում ենք մեր հավաքած նյութերը: Բնականաբար, ողջ նախագծի նյութերը չէինք կարող մեկ համարում ներկայացնել, բայց փորձել ենք նմուշներով ցույց տալ, թե ինչ է այսօր կատարվում Ադրբեջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Էլիբեգովան:
Նա հավելեց, որ ամսագրում ներկայացված են նաև ադրբեջանցի երեխաների, դպրոցականների արած նկարները, որոնք հրապարակվում են ադրբեջանական մամուլում, արժանանում են մրցանակների: «Մենք բոլոր այդ նկարներում կարող ենք տեսնել հայի բացասական կերպարներ, որոնք վախ են ներշնչում ադրբեջանցի երեխաներին: Դրանք հիմնականում սարսափ առաջացնող նկարներ են, որոնք նկարում են մանկահասակ երեխաները»,- մանրամասնեց նախագծի հեղինակը:
Նրա խոսքով՝ նախագծի նյութերն ամսագրով ներկայացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել միջազգային կառույցների հետ աշխատող հայկական պաշտոնական պատվիրակություններին օգնելու համար: «Նրանց համար այս ամսագրի տեսքով ավելի հեշտ կլինի ներկայացնել նյութերը: Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում ԵԽԽՎ-ի արտահերթ արտագնա նիստը՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված: Մենք նախօրեին այդ նիստին մասնակցող բոլոր խորհրդարանականներին ուղարկել ենք այս ամսագիրը: Արդեն մի քանի պատգամավորից արձագանք էլ ենք ստացել: Նրանք հետաքրքրված են և կարևորում են հարցը: Մենք հույս ունենք, որ ինչ-որ արձագանքներ կստանանք»,- եզրափակեց Էլիբեգովան: