Հունիսի 1-ին, ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում և այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված մի շարք միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է:
Օրվա առթիվ հեքիաթի էր վերածվել նաև Ազգային ժողովի այգին: ԱԺ Բաց դռների ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Երեխաների դեմքին ժպիտ և ուրախություն էր, ամենուր խաղեր ու մրցույթներ էր կազմակերպված՝ կավճանկարչություն, ատրակցիոններ, տիրում էր համերգային տրամադրություն, հյուր էին եկել մուլտֆիլմերի սիրելի հերոսները, աճպարարներ, ծաղրածուներ, այգում կային նաև բատուտներ և գույնզգույն փուչիկներ: Օրվա հերոսների բարձր տրամադրությունը բազմապատկում էր տոնական գնացքով զբոսնող մանուկների ուրախ ծիծաղը: Երեխաների համար կար նաև էկզոտարիում:
Միջոցառման ընթացքում մանուկներին ողջունել և շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Մեր նպատակն այն է, որ երեխաները լինեն առողջ ու երջանիկ և ունենան ապահով ու բարեկեցիկ ապագա»,- նշել է խորհրդարանի ղեկավարը և առանձնակի կարևորել երեխաների իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ ԱԺ նախագահն իրեն հատուկ անմիջականությամբ զրուցել ու լուսանկարվել է մանուկների հետ: