Ադրբեջանում հակահայկական դժգոհությունների նոր առիթ են գտել, այս անգամ պատճառը միջազգային Booking.com որոնողական ռեսուրսն է, որի միջոցով հնարավոր է հյուրանոցային համարներ ամրագրել Ստեփանակերտում և Շուշիում:
Vesti.Az-ը գրում է, որ իր ընթերցողները հորդորում են Ադրբեջանի ԱԳՆ-ին և պատասխանատու այլ կառույցներին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ռեսուրսն առաջարկում է հյուրանոցային համարներ Արցախում, մինչդեռ դա «պատմական ադրբեջանական տարածքն է, որը վերագրվում է Հայաստանին»:
Հաջորդ փաստը, որ հարուցել է ադրբեջանցիների զայրույթը նա է, որ Booking.com-ը գրում է, որ Ստեփանակերտն ունի միջազգային օդանավակայան:
Հիշեցնենք, օրերս Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու Հայաստանի ծրագրերը որակել էր պրովոկացիոն:
Ստեփանակերտի օդանավակայանը և Yell Extreme Park-ը համատեղ թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում. հենց այս լուրն էր հերթական զայրույթի տեղիքը տվել: Երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով: Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ։ Թռիչքների տևողություն կլինի 20 րոպե: