Առաջին ռոբոտ-ոստիկանը, որն ավելի վաղ ներառվել էր Դուբայի ոստիկանության կազմում, սկսել է պարեկել քաղաք-էմիրության փողոցները:
Ռոբոտն աշխատանքի է ձեռնամուխ եղել աշխարհում ամենաբարձր կառույցի՝ Բուրջ Խալիֆի մերձակայքում՝ գրավելով բնակիչների և զբոսաշրջիկների ուշադրությունը: «Ռոբոտ-ոստիկանը» կրում է ոստիկանական գլխարկ, տեղաշարժվում է անիվների վրա և ծառայության համար օգտագործում է սենսորային էկրան: Այն նաև հանդերձված է ոստիկանական տեղամաս տեսանյութեր ուղարկելու և հնարավոր կասկածյալներին նույնականացնելու խցիկով:
Առաջին ռոբոտ-ոստիկանը ծառայությունը կկատարի առավելապես տուրիստական վայրերում: Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, մինչև 2030 թվականը ռոբոտների թիվը պլանավորվում է ավելացնել մինչև աշխատակիցների կազմի 25 տոկոսը:
Ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 100 կիլոգրամ: Այլ բաների թվում նա հանդերձված է «հույզերի դետեկտորով», որը մինչև 1,5 մետր տարածության վրա ճանաչում է ձեռքերով արվող ժեստերն ու ազդանշանները:
«Ռոբոտ-ոստիկանը» ճանաչում է զրուցակցի հույզերը և դեմքի արտահայտությունը, կարող է տեղանքում կողմնորոշվել ներսարված նավիգատորի շնորհիվ, շփվել վեց լեզուներով, ներառյալ անգլերենը և արաբերենը, և բնակիչներին հնարավորություն ընձեռել իր միջոցով վճարել ոստիկանության ծառայությունների դիմաց: