TechCrunch-ը տեղեկացնում է, որ Epic! մանկական հավելվածը ստացել է 8 միլիոն դոլարի ներդրում:
Ըստ աղբյուրի՝ հավելվածի թիմը ստացել է ներդրումը Reach Capital վենչուրային ընկերության կողմից: Այս ընկերությունը հայտնի է կրթական նախագծերում արված ներդրումներով:
Մանկական հարթակի հիմնադիրը հայազգի Սուրեն Մարկոսյանը և Քևին Դոնեհյուն (Kevin Donahue) են: Նշենք, որ Սուրեն Մարկոսյանը հայտնի է մի շարք հարթակների ստեղծմամբ, այդ թվում՝ Հայստանում շատ տարածված list.am-ի:
Հավելվածի հեղինակները նշում են, որ ներդրումներն օգտագործելու են մի քանի փուլերով՝ սակայն ընդհանուր նպատակը մեկն է՝ ավելի մեծացնել թիմը, ավելի մեծ դեր հատկացնել մարքետինգին և գովազդին, ինչպես նաև լայնացնել իրենց աշխարհագրությունը:
Քևին Դոնեհյուն նշում է, որ Ասիայից կա մեծ հետաքրքրություն հավելվածի նկատմամբ, և իրենք մեծ ցանկություն ունեն տարածել իրենց հավելվածը նաև Ասիայում:
Epic!-ը մանկական հավելված է, որն իր մեջ ներառում է կրթական և զարգացման մի շարք ծրագրեր: Հավելվածն իրենից ներկայացնում է մանկական գրադարան, որտեղ 5-12 տարեկան երեխաները կարող են գտնել ավելի քան 25 հազար թվայնացված գրքեր: Գրքերի զգալի մասը կարելի է լսել նաև աուդիոգրքերի միջոցով: Բացի այդ, հարթակում հասանելի են մի շարք ուսուցանող տեսանյութեր, զարգացնող խաղեր և թեստեր:
Epic! հավելվածում աշխատում են ոչ միայն ծրագրավորողներ, այլև մեծ թվով հոգեբաններ: Չնայած այս հավելվածը մանկական է՝ այն օգտագործվում է նաև կրթական գործընթացներում՝ ուսուցիչների և մանկական զարգացման կենտրոնների հոգեբանների և խաղավարների կողմից:
Հավելվածի հեղինակները նշում են, որ ցանկանում են հավելվածում կիրառել AR/VR տեխնոլոգիաներ, սակայն դեռևս վստահ չեն, որ ներդրումային այս փաթեթը կծառայի հենց այդ նպատակով:
Սիրարփի Աղաբաբյան