Հնգյակի ծնողներին Մայր աթոռի նվիրած բնակարանի առքուվաճառքը կատարվել է. այն Մեծամորում է. armtimes.com
Advertisement 1000 x 90

Հնգյակի ծնողներին Մայր աթոռի նվիրած բնակարանի առքուվաճառքը կատարվել է. այն Մեծամորում է. armtimes.com

Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակի ծնողներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոստացած բնակարանի առքուվճառքի գործարքն արդեն ավարտվել է, և մնում է նրանք ստանան սեփականության վկայականը:

Երեխաների հայրը` Վարդան Կարապետյանը, մեր զրույցում ասաց, որ բնակարանը Մեծամոր քաղաքում է, ունի չորս սենյակ, գտնվում է բարվոք վիճակում:

Այս ընթացքում բարի մարդիկ նրանց տարբեր աջակցություն են ցուցաբերել: Վարդան Կարապետյանից տեղեկացանք, որ խոստացված երկու օրորոցները «սպասում» են իրենց փոքրիկ տերերին: Երբ նրանք տուն գան, ինքը զանգահարելու է բարեգործին, որպեսզի մահճակալները բերվեն:

Նոր տուն տեղափոխվելուց հետո երիտասարդ ընտանիքը տեխնիկա նույնպես կունենա: VLV Electronics-ը նրանց հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և գազօջախ է նվիրել: Այսիպիսով, նորաստեղծ ընտանիքն այժմ միայն կահույքի խնդիր ունի:

Ինչ վերաբերում է հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներին, հայտնի է, որ վերջին օրերին բժիշկները նրանց վիճակում դրական տեղաշարժ են արձանագրում: Հայրը նույնպես այսօր ասաց, որ փոքրիկների հետ ամեն բան կարգին է: Նրանցից մեկը` Աննան, գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, մյուսը, որ Ռոզին է, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում է («Մարգարյան» հիվանդանոց):

Ծնողներն ամեն օր այցելում են նրանց: Վարդանն ասաց, որ փոքրիկների մայրն իրեն լավ է զգում և հետվիրահատական խնդիրներ չկան:

Հիշեցնենք, որ առայժմ այս ընտանիքն ապրում է Մեծամորի հանրակացարանում` ամուսնու ծնողների և եղբոր հետ: