Հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել գլխի մասում վնասվածքներով մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող Ամերիա բանկից:
Նշված բանկ է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության մեծ թվով ծառայողներ՝ բաժի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը նշված բանկի կառավարիչն է, ով վնասվածքը ստացել է բանկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա ու մեկ այլ քաղաքացու հետ, ով իր մոտ եղած հրազենով մի քանի անգամ հարվածել է կառավարիչի գլխին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: