Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է: Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Տուժած քաղաքացիներից երեքը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ինչպես տեղեկացրին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, իրենց մոտ տեղափոխված երեք անչափահասներից երկուսը դուրս են գրվել, մյուսը գանգուղեղային ցնցումով շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:
«Նրա վիճակը բավարար է»,- տեղեկացրին բուժկենտրոնից:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից էլ տեղեկացրին, որ պատահարից հետո իրենց մոտ տեղափոխված 6 քաղաքացիներից հինգը հետազոտվելուց անմիջապես հետո դուրս են գրվել, մեկը մի քանի ժամ մնացել է հիվանդանոցում, ինչից հետո ևս դուրս է գրվել: