Երկար տարիներ Իտալիայում բնակվող էջմիածնեցի Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, հետևում է իր դեմ մահափորձի նախապատրաստման հիմքով հարուցված քրեական գործի ընթացքին։ Այս մասին blog.168.am-ի հետ զրույցում հայտարարեց իրավաբան Հայկազ Մակարյանը՝ խոսելով օրերս Ա.Ասատրյանի դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտման մասին։ Նա զանգահարել էր խմբագրություն՝ ցանկություն հայտնելով իր կարծիքն արտահայտել կատարվածի կապակցությամբ։
Ոստիկանության Քրեական հետախուզության, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները, հիշեցնենք, վնասազերծման գործողությունն իրականացրել են մայիսի 24-ին: Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծված տղամարդիկ կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ: Ոստիկանների տեղեկություններով՝ այդ նպատակով էլ վարձակալել են այդ տունը, նաև ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք՝ ձեռնամուխ լինելով սպանության նախապատրաստման գործողություններին: Ոստիկանության ծառայողների ջանքերով առանձնապես ծանր հանցագործության կատարումը խափանվել է, վնասազերծված 3 տղամարդիկ բերման են ենթարկվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն ու ձերբակալվել: Քննությունը դեռևս շարունակվում է:
«Իր համար դա զարմանալի չէ։ Նա այժմ իրեն լավ է զգում, զբաղված է առօրյա խնդիրներով»,- ասաց Հ.Մակարյանը։
Ըստ նրա՝ Արթուր Ասատրյանի հետ կապված վերջին միջադեպը ցույց տվեց «թրքացած» հայի իրական կերպարը։ Նա հստակեցրեց, որ իրավական դիտակետից խոսքը 38, 104 և մի շարք այլ հոդվածների (հանցագործության կազմակերպում, հանցագործության նախապատրաստում և այլն) մասին է, իսկ մահափորձն ինքնին տեղի չի ունեցել, մինչդեռ մամուլում շրջանառվում է լուր, թե եղել է մահափորձ, սակայն Ոստիկանության Քրեական հետախուզության, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունները վնասազերծել են զինված հանցախումբ։
Հ.Մակարյանի խոսքով՝ ինքը մտերիմ հարաբերություններ ունի Ա.Ասատրյանի օգնականնների հետ, ճանաչում է Ասատրյանի եղբորը՝ Արմեն Ասատրյանին։
Խոսելով կազմակերպվող հանցագործության շարժառիթների մասին՝ իրավաբանը նշեց, որ մինչ այս միջադեպը տեղի է ունեցել սկայպով հանդիպում Ա.Ասատրյանի և Էջմիածնի բնակիչների միջև.
«Պարոն Ասատրյանը խոսեց անմիջական, ցույց տվեց իր իրական դեմքը, ցույց տվեց նաև այն փաստը, որ ինքը կապ չունի որևէ քրեական անցյալի կամ քրեական հեղինակության հետ։ Նաև պարզաբանեց, որ իր կողմից կատարվող որևէ գործողություն քրեածին տարրեր չի պարունակել։ Այստեղ ավելի շատ խնդիրը կապված է քինախնդրության և նախանձի հետ՝ ներդրումների պահով։ Նա մարտին խոստացել է Էջմիածնում հսկայական քանակով՝ 12 հազար և ավելի, աշխատատեղեր բացել, ուղղաթիռի գործարան կառուցել։ Դա լրջագույն և մասնագիտական հմուտ մոտեցում է պահանջում, հանաք բան չէ։ Կարծում եք՝ զուգադիպությո՞ւն է, որ 1.5 ամիս անց մահափորձ է կանխվում»։
«Գուցե արջի ծառայության հարց կա՝ երրորդ անձը փորձում է նման բան կատարել, և գցում է, իբր քրեական ռազբորկա է տեղի ունեցել։ Սա կոչվում է բանդիտական աֆյորա»,- նկատեց Հ.Մակարյանը։
Ըստ նրա` նախաքննության արդյունքում գուցե պարզ դառնա, որ սա նաև դոմինանտության խնդիր է թե՛ Էջմիածնում, թե՛ Հայաստանում: Ամեն դեպքում, Հ.Մակարյանի խոսքով՝ ներդրումային ծրագրերը մնում են ուժի մեջ.
«Սա ներդրումների ծրագրի հետ կապված մերժողական քաղաքականության հետևանք է։ Քննությունը նաև կպարզի՝ սա ունեցել է հատուկ պատվիրատո՞ւ, թե՞ ուղղակի անձնական ինչ-որ հարց իր հետ։ Բայց, կարծում եմ, անձնական ոչինչ չկա։ Մամուլում նեգատիվ ներկայացվեց, բայց Արթուր Ասատրյանն ասել է, որ ինքը թշնամիներ չունի, անգամ նախկինում իրեն թշնամաբար վերաբերվողներին այնպիսի հարգանք է ցուցաբերել, որ ամեն ինչ հարթվել-գնացել է»։
«Իտալիայում նա մանկատուն է բացել և պահում է այլազգի երեխաներին։ Արթուր Ասատրյանը մեկենաս է, բարեգործությունը հենց պարոն Ասատրյանի տեսակի մեջ է, ինքը տվել է անհատույց, արել է անհատույց և Թումանյանի «ծուղրուղուի» նման չի դրոշակել։ Հայտնի Մարիո Պյուզոյի բառերով ասեմ՝ այսօր տոկուններին և առյուծներին միշտ էլ համարում են չարիք, որովհետև նրանք բարության կողքին կանգնում են՝ ինչպես սյուն։ Այսօր այդ վիճակն է։ Արթուր Ասատրյանը ոչ թե քրեական հեղինակություն է, այլ համաշխարհային բարերար, որ դարձել է չարիքի զոհ»,- հավելեց Հ. Մակարյանը:
Գայանե Վարդանյան
Լուսանկարները՝ 168.am-ի