Պատգամավորի շաքարի գործարանում մարդ է մահացել, մեկին էլ տեղափոխել են հիվանդանոց. armtimes.com
Advertisement 1000 x 90

Պատգամավորի շաքարի գործարանում մարդ է մահացել, մեկին էլ տեղափոխել են հիվանդանոց. armtimes.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում, որը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վարչական շրջանում:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ շաքարի գործարանի երկու բանվորներ բարձր տեղից ընկել են ինչ-որ երկաթների վրա, որի հետեւանքով մեկը մահացել է, իսկ մյուսին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածը 41 տարեկան էր:

Հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.-ն է: 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնից հաստատեցին մեր տեղեկությունները, նշելով, որ դեպքի վերաբերյալ բաժին 13:45-ին ահազանգ է ստացվել, իսկ դեպքը տեղի է ունեցել 13:30-ին: Տարվում են աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու համար: