«Պոբեդա» ավիաընկերությունը թալանում է իր հաճախորդներին
Advertisement 1000 x 90

«Պոբեդա» ավիաընկերությունը թալանում է իր հաճախորդներին

Վերլուծաբան Գագիկ Համբարյանը Facebook-յան իր էջում գրել է:

2016 թվականի նոյեմբերի վերջից «Պոբեդա» ավիաընկերության կողմից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց գյումրեցիների և ՀՀ այլ մարզերի բնակիչների կողմից, քանի որ ռուսաստանյան այս բյուջետային ավիաընկերությունը նաև տեղեկացրել էր, որ տոմսերի արժեքը բավական մատչելի կլինեն՝ սկյսած 10 հազար դրամից:

Մոտ յոթ ամիս անց մեր ընտանիքն էլ առնչվեց այդ ավիաըկերության հետ: Սակայն պետք է նշեմ, որ այդ առնչությունը բավական բացասական տտավորություն թողեց ինձ վրա: Մի քանի օր առաջ ծնողներիս ճանապարհեցի Մոսկվա և հույս ունեի, որ հունիսի 6-ին նրանք հետ կվերադառնան: Սակայն, երբ փորձեցի պատվիրել Մոսկվայից Գյումրի տոմսը պարզվեց, որ ինքնաթիռում ՈՉ ՄԻ ծառայություն չմատուցող և բյուջետային կոչվող այս ավիաընկերության տոմսերը բացարձակ չեն զիջում աշխարհի ամենաթանկ ավիաընկերությունների տոմսերի գներին: Այսպես, հունիսի 6-ին Մոսկվայից Գյումրի տոմսն արժի 12 հազար ռուսական ռուբլի, որը եթե վերածենք դրամի կստացվի մոտ 101 հազար դրամ, իսկ հունիսի 8-ի տոմսը արժի արդեն մոտ 8 հազար ռուբլի՝ մոտ 68 հազար դրամ: Ստիպված ենք եղել երկրորդ տարբերակին համաձայնել:

Սա տարրական թալան է և հանցագործություն: «Պոբեդա»-ն օգտագործում է իր մենաշնորհային դիրքը այդ ուղղության վրա և թալանում է իր ուղևորներին: Հետաքրքիր է, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Բյուջետային ավիաընկերությունն իրավունք չունի այսպիսի գներ սահմանել իր ծառայությունների համար: Ինքնաթիռում ուղևորներին անհրաժեշտության դեպքում ընդամենը գոլ ջուր տրամադրող ավիաընկերությունն այդ գների համաձայն իր ուղևորներին պետք է սև խավիար տար և շամպայն:

Բայց,ոչ… Ռուսաստանյան ավիափոխադրողը փորձում է սուպեր գերշահույթ ապահովել՝ թալանելով իր հիմնականում հայաստանցի ուղևորներին: Հավելեմ, որ այս խայտառակ գների դիմաց «Պոբեդա»-ն թույլ է տալիս անվճար տեղափոխել ընդամենը 10 կգ. ուղեբեռ: Մյուսի դիմաց սահմանված են ոչ պակաս բարձր գներ:

Հուսով եմ, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բավական օպերատիվ կարձագանքի «Պոբեդա»-ի այս ապօրինություններին: Եթե պահանջարկ կա, ապա ավելացրեք թռիչքների թիվը, այլ ոչ թե թալանեք ուղևորներին:
Ստացվում է այնպես, որ եթե շատ արագ անհաժեշտ է մեկնել Մոսկվա, ապա քեզ թալանում են: Մատչելի տոմսեր ձեռք բերելու համար այն պետք է գնես մեկ ամիս կամ դրանից էլ առաջ: Սա բարբարոսություն է:

Հ.Գ.Որքան հասկացա, «Պոբեդա»-ն այս թալանչիական մեթոդին է դիմել, քանի որ իր մենաշնորհը Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղության նկատմամբ վերջ կդրվի հունիսի 30-ին, երբ հայաստանյան ավիաընկերություններից մեկը ևս կսկսի իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի ավիաչվերթը: Համոզված եմ, որ այդ ժամանակ ռուսաստանյան ավիաընկերությունը ծրագրված դեմպինգի կդիմի և շեշտակի կգցի ավիատոմսերի գները՝ փորձելով վնաս հասցնել նոր հայտնված հայաստանյան մրցակցին: Ու այդ դեմպինգի վնասները հիմա է կոմպենսացնում՝ թալանչիական գներ սահմանելով Գյումրի-Մոսկվա-Գյումրի ավիատոմսի համար:

Հավելեմ, որ հունվար ամսին մի քանի օրով ես եմ մեկնել Մոսկվա և «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա-Երևան տոմսի համար վճարել եմ ընդամենը 110 ամերիկյան դոլլար: Ինչպես կասեն գյումրեցիները՝ «Պոբեդա»-ն «Աէրոֆլոտ»-ի ձեռքերին ջուր էլ չի կարող լցնել:



Նման նյութեր