Հանգստյան օրերին սոցիալական ցանցերում սկսվեց տարածվել նոր խարդախության տեսակ: Տարածվում է հայտարարություն, թե ինչ-որ խոշոր ավիաընկերություն պատահականության միջոցով նվիրում է ինքնաթիռի անվճար 2 տոմս:
«Аэрофлот» ընկերությունը, ում անունից հիմնականում տարածվում է հայտարարությունը, տեղյակ չէ նման ակցիայի մասին և այդ մասին հայտնում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Պարզվում է, որ այս խարդախությունը գադջետներում նոր վիրուս տարածելու համար է:
Հայտարարության կայքը բացվում է մի քանի գովազդային կայքերով անցնելուց հետո, այնուհետև ձեզ առաջարկում են անվճար տոմսերի կայքը: Կայքը նշում է, որ դուք պետք է տարածեք այդ գրառումը սոցիալական ցանցերում, որից հետո միայն պարզ կլինի՝ հաղթե՞լ եք դուք, թե՞ ոչ: Տարածելուց հետո կայքը տեղեկացնում է, որ, ցավոք, դուք չեք հաղթել, բայց կարող եք կրկին փորձել:
Փորձագետները գրում են, որ այս առաջին հայացքից՝ անմեղ խաղարկությունը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ձեզ: Վիրուսի միջոցով հնարավոր է գողանալ ձեր համակարգչի ինֆորմացիան, ձեզանից կորզել գումար, բացի այդ, ձեր գադջետը կդառնա հարմարավետ թիրախ DDoS-հարձակումների համար:
Ի՞նչ անել
Եթե դուք արդեն իսկ մասնակցել եք այս խաղարկությանը, ապա անմիջապես գործի դրեք հակավիրուսային ծրագրերը, թարմացրեք դրանք, ցանկալի կլինի նաև թարմացնել օպերացիոն համակարգը:
Պետք է հիշել, որ շատ գայթակղիչ ակցիաները համացանցում, որոնք խոստանում են անել ձեզ անվճար նվերներ, 98 տոկոսով խաբեություն են: Անգամ ձեր բախտը փորձելու համար մի տրվեք սադրանքներին, որպեսզի հետագայում չկանգնեք ավելի լուրջ խնդիրների առաջ:
Սիրարփի Աղաբաբյան